
Խոշոր ավտովթարից մահցել է 25-ամյա երիտասարդ

Հուլիսի 22-ին, Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևան քաղաքի բնակիչ, 25-ամյա Հայկ Պողոսյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 16-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի թունելից դուրս գալիս Երևանի բնակիչ, 21-ամյա Նարեկ Նազարյանի կողմից վարած ГАЗель մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելուց հետո: Վթարից հետո ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով էլ Ն. Նազարյանն ու Հ. Պողոսյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը աշխատում էին ԱԺ նախկին պատգամավոր, գործարար «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանին պատկանող, Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում հաշվառված «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ Ն. Նազարյանը՝ որպես վարորդ-առաքիչ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 16-ին խոշոր ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 80 կմ հատվածում, Դիլիջանի թունելից դուրս գալիս, դեպի Երևան ընթանալիս, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին «Սևան» բժշկական կենտրոն, քանի որ բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել։ Վիրավորները Սևանի բժշկական կենտրոնից տեղափոխվել էին Երևան, և նրանցից մեկը գտնվում էր ծայրահեղ ծանր, մեկն էլ ծանր-կայուն վիճակում։