Մահվան ելքով վրաերթի հեղինակը, ով դեպքի վայրից դիմել էր փախուստի, ձերբակալվել է

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Նարեկ Ստեփանյանի որոշմաբ ձերբակալվել է Կոտայքի մարզի 25-ամյա բնակիչ Սերգեյ Սարդարյանը:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նա կասկածվում է մայիսի 25-ին իր կողմից վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում 40-ամյա Էրիկ Գաբրիելյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու և դեպքի վայրը լքելու մեջ:  

 

Կայքի տեղեկություններով՝ նա տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, իսկ ավտոմեքենան՝ Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: 

 

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։  Ժամը 20։40-ի սահմաններում Խանջյան փողոցի թիվ 13/10 հասցեի դիմաց ինքնությունը չպարզված անձը Nissan մակնիշի անհայտ հաշվառման համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտն՝ 40-ամյա Էրիկ Գաբրիելյանին։ Վրաերթի ենթարկվածը շպրտվել ու բախվել էր Kia մակնիշի ավտոմեքենային, իսկ Nissan-ի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, ավտոմեքենայով դիմել էր փախուստի։ Վրաերթի ենթարկվածը թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել էր։ 

Քաղաքականություն

Պատահարներ