Անհրաժեշտ 14 սպանդանոցների կառուցման՝ Կառավարության աջակցության ծրագրից օգտվելու 6 հայտ է ստացվել, որից բավարարվել է 5-ը

Ավելի քան մեկ ամսվա ընթացքում անհրաժեշտ 14 սպանդանոցների կառուցման նպատակով Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրից օգտվելու համար 6 հայտ է ստացվել, որից բավարարվել է 5-ը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը:

Նրա խոսքով՝ 6 հայտերից 2-ը նույն տարածքում սպանդանոց կառուցելու համար էին եղել, այդ պատճառով բավարարվել է 1 հայտը: Բավարարված 5 հայտերով կառուցվող սպանդանոցները լինելու են շարժական:

«Սա շարունակական գործընթաց է: Որպեսզի ծրագրի համար դիմեն, իրենք պետք է գտնեն մատակարարին, ումից պետք է ձեռք բերեն: Գործընթացը այնպես չէ, որ միանգամից շատ արագ կարող է լինել: Կարծում եմ՝ նորմալ է գնալու գործընթացը»,- ասաց Գևորգ Ղազարյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում ուժի մեջ է մտել պարտադիր սպանդանոցային մորթի կազմակերպման կառավարության որոշումը: Բոլոր տեղերում՝ և՛ իրացման ցանցում, և՛ հանրային սննդի կետերում պետք է լինի միայն սպանդանոցային ծագման միս:

Պարտադիր սպանդանոցային մորթի կազմակերպման նախապես սահմանված ժամկետը տարեսկզբին հետաձգվել էր բողոքի ակցիաների պատճառով։ Պարտադիր պայմանի կիրառումը Կառավարությունը հետաձգել էր 6 ամսով, քանի որ հանրապետությունում բավարար թվով սպանդանոցներ չկային և գործադիրը ցանկացողներին առաջարկել էր սպանդանոցներ կառուցել:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը Կառավարության հուլիսի 2-ի նիստում հայտարարել էր, որ շահառու համայնքներից խելամիտ՝ 30 կմ հասանելիության ապահովման համար կպահանջվեն ևս 14 կետեր։ Անհրաժեշտ 14 սպանդանոցների կառուցման դեպքում գործադիրի կողմից աջակցության ծրագիրը հետևյալն էր՝ 14 համայնքներից որևէ մեկում սպանդանոց կառուցելու դեպքում Կառավարությունը լիզինգի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի քան 4․8 մլն դրամ դրամաշնորհ է հատկացնում։ Պահանջվող 14 սպանդանոցների քարտեզը հետևյալն է՝ Սյունիքում 3 սպանդանոց, Գեղարքունիքում՝ 1, Արարատում՝ 2, Շիրակում՝ 4, Լոռիում՝ 2, Արագածոտնում՝ 2։

«Մենք քարտեզագրել ենք, թե համայնքներում ինչպես պետք է տեղակայված լինեն սպանդանոցները, որպեսզի յուրաքանչյուր շահառու համայնքից դրա հեռավորությունը լինի տրամաբանական խելամիտ սահմաններում։ Որպես այդպիսի չափորոշիչ մենք ընտրել էինք մոտ 30 կմ հեռավորությունը։ Այս պահին շահագործվող, ծառայություն մատուցող 23 սպանդանոց կա և ներկայում կառուցման մեջ գտնվող և առաջիկայում շահագործման կհանձնվեն 36-ը։ Բացի այս ընդհանուր 59-ը, կպահանջվեն ևս 14 կետեր, որտեղ սպանդանոցների առկայությունից հետո կարող ենք ասել, որ բոլոր համայնքներից ոչ ավելի, քան 30 կմ հասանելիությամբ կան շահագործվող ծառայություն մատուցող սպանդանոցներ»,- ասել էր Տիգրան Խաչատրյանը։

Նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին շահագործվող, ծառայություն մատուցող 59 սպանդանոց կա, կառուցման տարբեր փուլերում է ևս 84 սպանդանոց:

«Բացի շարժական մոդուլային սպանդանոցների ծրագրից (14 համայնքներում անհրաժեշտ սպանդանոցների ծրագիրը – Tert.am) մենք ունենք այլ ծրագրեր ևս: Օրինակ, լիզինգի աջակցության ծրագիրը, որով նորից կարող են ձեռք բերել սարքավորումներ: Ունենք 3-15 մլն վարկավորման ծրագիր, որից էլի կարող էին օգտվել սպանդանոցների կառուցման, սարքավորումների ձեռքբերման համար: Կառուցման փուլում գտնվող 84 սպանդանոցներից այս պահին հստակ չեմ կարող ասել, թե քանիսն են օգտվել մեր ծրագրերից, բայց կարծում եմ՝ մեծ մասն օգտված կլինեն»,- ասաց Գևորգ Ղազարյանը: