ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում հասարակական տրանսպորտը լավ չի գործում, որի արդյունքում ունենք վթարներ ու զոհեր. մասնագետ
018 թ. երկրորդ եռամսյակից սկսած՝ նկատվում է ճանապարհատրանսպորտային պատահարների կտրուկ աճ՝ 25 տոկոս. տենդենցը շարունակվում է այս տարի: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ, ապահովագրության ոլորտի փորձագետ Անդրանիկ Օհանջանյանը: Նրա խոսքով՝ 2019 թ. առաջին 5 ամիսների տվյալներով՝ գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների 26-27 տոկոս աճ:
Անդրանիկ Օհանջանյանը չի կարծում, որ վիճակագրական այս տվյալների հարցում կա ոստիկանության անգործության հարցը. «Եթե խնդիրը դիտարկենք երեք մասով, ապա այստեղ կա քաղաքական իշխանության որոշակի մեղավորություն, որովհետև իշխանափոխությունից հետո նախ ներվեցին անբարեխիղճ վարորդների տուգանքները, շատ խոսվեց արագաչափերը և նկարահանող սարքերը գործածությունից հանելու մասին: Դրա արդյունքում մենք ունեցանք վթարների կտրուկ աճ: Երկրորդը՝ կա քաղաքային իշխանությունների հետ կապված խնդիր: Խոսքը հասարակական տրանսպորտի խնդրին է առնչվում: Որևէ կերպ չի բարելավվում այդ ոլորտը, ինչի արդյունքում քաղաքում երթևեկության ինտենսիվությունը շատ բարձր է, ինչի արդյունքում վթարների, զոհերի թիվն ավելանում է: Երրորդ՝ ճանապարհային ոստիկանության հարցն է, որին մեղադրելը, ես կարծում եմ, անտեղի է, որովհետև նրանք իրենց աշխատանքն են կատարում»:
Հարցին՝ հատկապես ի՞նչ պետք է անեն քաղաքային իշխանությունները, ոստիկանությունը՝ հարցին լուծում տալու և ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազեցնելու համար, Օհանջանյանն ասաց՝ նախևառաջ պետք է ներդնել տրանսպորտային նոր համակարգ, որը կբեռնաթափի կենտրոնը. «Երևանում ոչ թե մեքենաների քանակն է ավելացել, այլ ավելացել է մեքենաների շահագործման ինտենսիվությունը: Օրինակ՝ Երևանի ինչ-որ թաղամասից ամեն օր պետք է 100 մարդ գնա կենտրոն՝ աշխատանքի: Եթե ունենք հասարակական տրանսպորտ ու մեծ ավտոբուսներ, օրինակ, 100 տեղանոց, ապա էդ պահանջարկը բավարարելու համար երթևեկությանը մասնակցում է մի տրանսպորտային միջոց: Եթե այդ 100 հոգուն տեղափոխեն 25 տեղանոց ավտոբուսները, ապա երթևեկությանը կմասնակցի 4 մեքենա: Եթե չկա այդ ամենը, ապա այդ 100 հոգին պետք է օգտագործեն կամ անհատական մեքենաներ կամ օգտվեն տաքսի ծառայություններից: Այսինքն՝ 100 տրանսպորտային միջոց պետք է շահագործվի ու մասնակցի երթևեկությանը: Սա է խնդիրը: Չկա հասարակական տրանսպորտ, որի արդյունքում ունենք ինտենսիվ երթևեկություն, վթարներ ու զոհեր»:
Մանրամասներըՙ սկզբնաղբյուրում: