ԱՄՆ-ն Գազայում միջազգային զորքեր տեղակայելու առաջարկ է ներկայացրել ՄԱԿ-ին

Ամերիկայի Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացրել բանաձևի նախագիծ, որով առաջարկվում է Գազայի հատվածում տեղակայել միջազգային զորախմբեր առնվազն երկու տարով։ Ինչպես հաղորդում է Axios-ը՝ հղումով փաստաթղթի նախագծին, նախաձեռնությունը նախատեսում է, որ ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ ստանան լայն լիազորություններ մինչև 2027 թվականի վերջը՝ Գազայի կառավարման և անվտանգության ապահովման նպատակով՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ։


Փաստաթղթի համաձայն՝ միջազգային ուժերը պատասխանատվություն են կրելու Գազայի սահմանների անվտանգության ապահովման համար՝ ինչպես Իսրայելի, այնպես էլ Եգիպտոսի ուղղությամբ։ Նրանց հիմնական առաքելությունը կլինի քաղաքացիական բնակչության և հումանիտար միջանցքների պաշտպանությունը, նոր պաղեստինյան ոստիկանության պատրաստումը, ինչպես նաև անկլավի ապառազմականացումը՝ զինված խմբավորումների զինաթափման և ռազմական ենթակառուցվածքների վերականգնումը կանխելու միջոցով։


Ամերիկյան աղբյուրների տվյալներով՝ Վաշինգտոնը մտադիր է առաջիկա շաբաթների ընթացքում հասնել բանաձևի քվեարկության Անվտանգության խորհրդում, որպեսզի արդեն 2026 թվականի հունվարին սկսվի միջազգային զորքերի տեղակայումը և մանդատի իրականացումը։

Քաղաքականություն