Իտալիան կանչել է ՌԴ դեսպանին Զախարովայի խոսքերի պատճառով
                                        
                                        
                                        
                                    Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է երկրում Ռուսաստանի դեսպանին՝ ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որը նա արել էր Հռոմում միջնադարյան Կոնթիի աշտարակի փլուզումից հետո։
Փլուզումը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին՝ Հռոմի կենտրոնում։ Դրանից հետո Զախարովան իր Telegram-ալիքում գրել էր, որ Իտալիայի աջակցությունը Ուկրաինային, ներառյալ ռազմական օգնությունը և ԵՄ մեխանիզմներով կատարվող վճարումները, կազմում են մոտ 2,5 միլիարդ եվրո, հավելելով, որ քանի դեռ իտալական կառավարությունը անիմաստ կերպով ծախսում է հարկատուների գումարը, Իտալիան կփլուզվի ամբողջությամբ՝ սկսած տնտեսությունից մինչև աշտարակները։
Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին այդ խոսքերը անվանել է «մեղմ ասած՝ վուլգար»։ Նա նշել է, որ ողբերգությունների ժամանակ չի կարելի շահարկել մարդկանց ցավը։
«Մենք երբեք այդպես չենք վարվել երբ դժբախտություններ են պատահել Ռուսաստանում:»,– նշել է Տայանին:
                        




























