
Մհեր Գրիգորյանն՝ Իրան-Իսրայել հակամարտության հետևանքների մասին

Արդեն իսկ ի հայտ են եկել լոգիստիկ խնդիրներ: ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով Իրան-Իսրայել հակամարտության՝ Հայաստանի վրա հնարավոր հետևանքների վերաբերյալ հարցին։
Նա նշեց, որ բոլոր պոտենցիալ խնդրիները մոնիտորինգի տակ են։
«Այո, և փախստականների, և լոգիստիկ, և էներգետիկ խնդիրներ չի կարելի բացառել։ Պետք է մշակել սցենարներ, որոնք ինչ-որ պահի կարող են պետք լինել, բայց կարող է և պետք չլինել։
Մենք այդ հարցերը պահում ենք ուշադրության կենտրոնում, մշակում ենք այս կամ այն սցենարներից ելնելով գործողությունների պլաններ»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները: