Խամենեին մերժել է Թրամփի պահանջը

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին ուղղված «անվերապահ կապիտուլյացիայի» կոչին։ «Իրանի դեմ ցանկացած ռազմական միջամտություն, անկասկած, նրանց անդառնալի վնաս կպատճառի»,- ասել է նա հունիսի 18-ի հեռուստաուղերձի ընթացքում։


Խամենեին մերժել է Թրամփի պահանջը և ընդգծել, որ իրանցի ժողովրդի հետ «չի կարելի խոսել սպառնալիքների լեզվով», իրանցիները «վճռական են և կդիմադրեն պարտադրված պատերազմին այնպես, ինչպես կդիմադրեն պարտադրված խաղաղությանը»։ Ինչպես նշում է dpa-ն, Իրանի պետական ​​հեռուստաալիքները, որոնք հեռարձակել են Խամենեիի ուղերձը, չեն ցուցադրել գերագույն առաջնորդին, չի լսվել նաև նրա ձայնը:


Իրանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է օտարերկրյա պետություններին չմիջամտել Իսրայելի հետ ռազմական հակամարտությանը։


«Երրորդ երկրի ուղղակի ռազմական միջամտությունը կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմի, որը կընդգրկի ամբողջ տարածաշրջանը և նույնիսկ դուրս կգա դրա սահմաններից»,- «Ալ Ջազիրա»-ի հետ հարցազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին։ Նա հնարավոր է համարել Միացյալ Նահանգների հետ բանակցությունները՝ միաժամանակ հայտարարելով ամերիկյան վարչակազմի նկատմամբ վստահության լիակատար կորստի մասին։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում մի շարք կոշտ հայտարարություններ էր արել Թեհրանի հասցեին։ Մասնավորապես, նա վստահեցրել է, որ թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք, երկրի իշխանություններից էլ պահանջել է «անվերապահ կապիտուլյացիա»։

Քաղաքականություն