Մեդինսկին մանրամասներ է հայտնել բանակցությունից

Ռուսաստանի Դաշնությունն ուկրաինական կողմին է հանձնել երկու մասից բաղկացած հուշագիր, որը մանրամասն է և լավ մշակված: Այս մասին հայտնել է ՌԴ պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին։


«Ուկրաինան այն վերցրել է ուսումնասիրության համար։ Ռուսական հուշագրի երկրորդ մասում առաջարկվում են կրակի դադարեցման մի շարք եղանակներ»,- մանրամասնել է նա։


Մեդինսկին նշել է, որ Ռուսաստանը միակողմանիորեն Ուկրաինային է փոխանցում 6000 զինծառայողների մարմին։ Կողմերը նաև կփոխանակեն ծանր հիվանդներին ու վիրավորներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, կկազմակերպեն բժշկական հանձնաժողովներ՝ ծանր վիրավոր զինվորների փոխանակման համար և այդ փոխանակումները կլինեն կանոնավոր։


«ՌԴ-ն Ուկրաինային առաջարկել է 2-3 օրով հրադադար ռազմաճակատի որոշակի հատվածներում։ Սա պետք է հնարավորություն տա հավաքել մահացածների մարմինները։ Ուկրաինան կաշխատի Ռուսաստանի կողմից հրադադարի առաջարկի վրա»,- նշել է նա։


ՌԴ պատվիրակության ղեկավարի խոսքով՝ երեխաների հարցը քննարկվել է Ուկրաինայի հետ։ Մեդինսկին ցույց է տվել Ուկրաինայի կողմից տրամադրված 339 մանկական անուններից բաղկացած ցանկ և նշել, որ Ռուսաստանը կքննարկի ծնողների հետ կապը կորցրած երեխաների ուկրաինական ցուցակում ներառված յուրաքանչյուր իրավիճակ։


«Վերջերս ռուսական կողմը վերադարձրել է 101 երեխայի, իսկ ուկրաինական կողմը՝ մոտ 20-ի։ Ռուս զինվորականները պատասխանատու են վերաբերվում երեխաների նկատմամբ, ինչպես խորհրդային զինվորները»,- ասել է նա։