Եգիպտոսի ռազմական ինքնաթիռն անցել է ՀՀ տարածքով և վայրէջք` կատարել Ադրբեջանում

Մարտին Եգիպտոսի ռազմաօդային ուժերի Antonov An-74t-200A տրանսպորտային ինքնաթիռը անցել է Հայաստանի օդային տարածքով և վայրէջք է կատարել Գյանջայի օդանավակայանում: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:


Բանն այն է, որ սովորաբար դեպի Ադրբեջան ռազմական չվերթերը, այդ թվում՝ զենք առաքող, թռչում են Թուրքիայի և Վրաստանի տարածքով։ Հաշվի առնելով, որ ոչ քաղաքացիական օդանավերի թռիչքը երկրի օդային տարածքով ենթադրում է առանձին թույլտվություն, մենք այդ չվերթի վերաբերյալ տվյալներ խնդրեցինք Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։


Քաղավիացիայի կոմիտեից լրատվկանին ասել են, որ ՀՀ կառավարության 2003 թ.-ի որոշման (օդային երթևեկության կազմակերպման կանոնների մասին) համաձայն, եթե միջպետական համաձայնագրով այլ կարգավորումներ չկան, ապա Հայաստանի օդանավակայանների ուղղությամբ օտարերկրյա պետական օդանավերի թռիչքները, այդ օդանավակայաններից դուրս եկող, ինչպես նաև Հայաստանի տարածքով տարանցիկ թռիչքները իրականացվում են ԱԳՆ թույլտվության հիման վրա (ՊՆ-ի և լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո):


Լրատվականը դիմել է երկրի ԱԳՆ, որտեղ հաստատել են տարանցիկ թռիչքի վերաբերյալ հարցման առկայությունը։


«2025 թ․-ի հունվարի 31-ին եգիպտական կողմը պաշտոնական հայտագրով դիմել է ՀՀ ԱԳ նախարարություն՝ մարտի 3-ից 6-ը Եգիպտոս-Ղրղզստան-Եգիպտոս ուղղություններով թռիչք կատարելու ընթացքում ՀՀ օդային տարածքով տարանցման թույլտվություն ստանալու նպատակով: Ըստ եգիպտական կողմի տեղեկատվության՝ թռիչքն իրականացվել է զորավարժություններին մասնակցելու նպատակով»,-նշել են գերատեսչությունից։


Flightradar24-ի տվյալներով՝ Ադրբեջանում վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը դեպի Ղրղզստան։ Մարտի 6-ին այն կրկին ժամանել է Ադրբեջան, ապա, կրկին Հայաստանի տարածքով, հասել է Եգիպտոս։


Մանրամասները` սկզբնաղբյուրում: