Գլոբալ տաքացումը անդառնալի հետևանքներ կառաջացնի
Գլոբալ տաքացումը անդառնալի վնաս է հասցնում լեռնային սառցադաշտերին, և նույնիսկ եթե մարդկությունը կարողանա նվազեցնել մոլորակի ջերմաստիճանը, դրանց վերականգնումը կտևի հարյուրավոր տարիներ: Այս եզրակացությանն են եկել Բրիստոլի համալսարանի (Մեծ Բրիտանիա) և Ինսբրուքի համալսարանի (Ավստրիա) գիտնականները: Նրանց հետազոտությունը, որը հրապարակվել է Nature Climate Change ամսագրում, ցույց է տալիս, որ սառցադաշտերը չեն կարող արագ վերադառնալ իրենց նախկին վիճակին՝ գերտաքացման հետևանքների պատճառով:
Գիտնականները մոդելավորել են սցենար, որով մինչև 2150 թվականը գլոբալ ջերմաստիճանը բարձրանում է 3°C, իսկ հետո աստիճանաբար իջնում է մինչև համեմատաբար անվտանգ 1.5°C մակարդակը մինչև 2300 թվականը: Այս կանխատեսումը հաշվի է առնում ածխաթթու գազի արտանետումների ներկայիս կրճատման տեմպերը և ածխածնի գրավման տեխնոլոգիաների հնարավոր հետաձգված ներդրումը: Արդյունքները ցույց են տվել, որ «գերտաքացված» սցենարում սառցադաշտերը կկորցնեն իրենց զանգվածի մինչև 16%-ը մինչև 2200 թվականը և մինչև 11%-ը մինչև 2500 թվականը՝ համեմատած այն աշխարհի հետ, որտեղ տաքացումը չի գերազանցել 1.5°C-ը:
Այս կորուստներն անդառնալի են նույնիսկ մոլորակի սառեցման դեպքում սառցադաշտերը չեն վերականգնվի մի քանի սերունդների կյանքի ընթացքում: «Մարդիկ հաճախ հարցնում են՝ եթե սառեցնենք Երկիրը, արդյոք սառցադաշտերը կաճե՞ն: Մեր հետազոտությունը ապացուցում է, որ դա տեղի չի ունենա առաջիկա դարերում»,- նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ դոկտոր Ֆաբիան Մոսսիոնը:
Սառցադաշտերի զանգվածի կրճատումը սպառնում է միլիոնավոր մարդկանց, ովքեր կախված են հալոցքային ջրերից՝ խմելու, ոռոգման և հիդրոէներգիայի համար, հատկապես չորային տարածաշրջաններում: Բացի այդ, սառցադաշտերի հալումը նպաստում է ծովի մակարդակի բարձրացմանը, ինչը մեծացնում է ռիսկերը ափամերձ տարածքների համար: Գիտնականները ընդգծում են, որ որքան երկար մարդկությունը հետաձգի արտանետումների կրճատման միջոցառումները, այնքան ավելի կործանարար և երկարաժամկետ կլինեն հետևանքները:
Հավելենք՝ ժամանակավոր գերտաքացումից հալվող սառցադաշտերը չեն վերականգնվի նույնիսկ ջերմաստիճանի նվազման դեպքում, իսկ ածխածնի արտանետումները ստեղծում են ջերմոցային էֆեկտ, որը կարող է տևել հազարամյակներ: Ածխածնի գրավման կամ մոլորակի սառեցման տեխնոլոգիաների վրա հույսը չի արդարացվի, եթե միջոցառումներն անմիջապես չձեռնարկվեն:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում մայիսի 25-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 383 դրամը,...
Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում մայիսի 19-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 382,76 դրամ...
Ոսկու գինը կրկին աճել է
Բորսաներում ոսկու ֆյուչերսային գները մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) դիմաց աճել են։Ինչպես հաղորդում է APA-Economics-ը՝...
Հայտնի է բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2025 թվականի միասնական քննություն...