Հայաստանի տարածքը 1991 թվականից չի փոխվել. ԱԳ նախարար
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքը 1991 թվականից ի վեր փոփոխության չի ենթարկվել։ ԱԺ-ում ունեցած ելույթի ընթացքում նա ընդգծել է, որ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանված տարածքները մնում են նույնը՝ անկախ տարբեր ժամանակահատվածներում շրջանառվող քարտեզներից։
«Հայաստանը ինչպես հռչակվել էր, այնպես էլ մնացել է։ Տարբերությունն այն է, որ ռազմական գործողությունների արդյունքում որոշ տարածքներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո»,- ասել է նախարարը։
Միրզոյանը նաև նշել է, որ կան որոշ ադրբեջանական տարածքներ, որոնք այժմ գտնվում են ՀՀ զինված ուժերի հսկողության տակ։ Նրա խոսքով՝ այս հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացների շրջանակում։
«Մեր դիրքորոշումն այն է, որ օրինական տերերին իրենց տարածքները պետք է վերադարձվեն առանց նոր ռազմական գործողությունների»,- շեշտել է ԱԳ նախարարը։





























