Օգոստոսի 8-ը շրջադարձային էր Հայաստանի ապաշրջափակման գործընթացում. Միրզոյան
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձությունները շրջադարձային են Հայաստանի և տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացում։ Նրա խոսքով՝ այդ օրը ձեռք բերված պայմանավորվածությունները դրվել են հետագա բանակցությունների հիմքում՝ դառնալով անկյունաքարային փուլ։
Նախարարը հիշեցրել է, որ մինչ այդ տարբեր մանիպուլյացիաներ էին շրջանառվում պայմանագրի վերաբերյալ, սակայն այժմ դրանցից «հեռավոր ակնարկ անգամ չկա»։ Միրզոյանը շեշտել է, որ խոսքը վերաբերում է մեծ ապաշրջափակման նախաձեռնությանը, որի նպատակն է բացել կամ անհրաժեշտության դեպքում կառուցել նոր տրանսպորտային ենթակառուցվածքներ Հայաստանի և հարևան երկրների միջև։
«Հայաստանը ավելի քան 30 տարի գտնվել է շրջափակման մեջ, իսկ այժմ մենք խոսում ենք իրական ապաշրջափակման մասին։ Պայմանավորվածությունները ներառում են նաև Ադրբեջան-Նախիջևան կապը, որը կգործի Հայաստանի իրավազորության ներքո»,- ընդգծել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ բոլոր հաղորդակցությունները, որոնք կբացվեն կամ կվերակառուցվեն, ամբողջությամբ կգործեն ՀՀ տարածքային իրավազորության ներքո՝ ապահովելով երկրի վերահսկողությունն ու շահերի պաշտպանությունը։





























