«Պետք է ստեղծել հարթակ, որը կգնահատի Հայաստանի դիվանագիտական գործունեության արդյունավետությունը». Խաչատուր Սուքիասյան
ԱԺ-ում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը բարձր գնահատեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքը՝ նշելով, որ վերջին տարիներին Հայաստանը կարողացել է ընդլայնել իր դիվանագիտական, քաղաքական և ռազմավարական գործընկերությունների աշխարհագրությունը։
«Մեր նպատակը պետք է լինի Հայաստանի հզորացումը՝ ունենալով տնտեսական համագործակցություններ, որոնք կօգնեն մեզ ավելի ազդեցիկ դառնալ։ Հիմա մեզ պետք է հարթակ, որտեղ կվերլուծվի յուրաքանչյուր գործուղման արդյունքը՝ ինչ շահ ստացավ Հայաստանը կամ ինչ հարաբերություններ են ձևավորվել»,– նշեց Սուքիասյանը։
Նա ընդգծեց, որ երկրի արտաքին հարաբերությունների ակտիվացումն արդեն տվել է արդյունքներ, սակայն անհրաժեշտ է մեխանիզմ՝ դիվանագիտական և քաղաքական ջանքերի տնտեսական արդյունքը գնահատելու համար։ «Դժվար ժամանակներն անցան, հարաբերությունները փոխվեցին։ Հիմա պետք է ստեղծել հարթակ, որ այդ ծախսերը՝ մոտ 19 միլիարդ, փոխակերպվեն Հայաստանի հզորացման գործիքում»,– հավելեց պատգամավորը։
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ նման մոտեցումը ողջունելի է։ «Մենք հաճախ կցանկանայինք, որ գործուղումներից հետո մեր գործընկերներն ԱԺ-ից գրառումներ կամ ամփոփումներ ուղարկեն ԱԳՆ-ին՝ իրենց հանդիպումների արդյունքների վերաբերյալ։ Դա կօգնի համակարգային վերլուծությանը»,– ասաց նախարարը։





























