2025-ի հունվար-սեպտեմբերին ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը աճել է. Պապոյան

2025 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի և Եվրամիության միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2 միլիարդ 9 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 5,7 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Նախորդ տարի ցուցանիշը 1,9 միլիարդ դոլար էր, այսինքն՝ աճը կազմել է շուրջ 109 միլիոն դոլար։


ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ ԵՄ-ի հետ առևտրաշրջանառության 76 տոկոսը ներմուծումն է։ Նրա խոսքով՝ ընդհանուր աճը պայմանավորված է ներմուծման 5,4 և արտահանման 6,8 տոկոս աճով։


Նախարարը ընդգծեց, որ կառավարությունը շարունակում է արտահանման աջակցության ծրագրերը՝ նպատակ ունենալով խթանել պատրաստի արտադրանքի արտահանումը։ Այդ աջակցությունների արդյունքում նկատվել է զգալի աճ՝ հատկապես արդյունաբերական արտադրանքի ոլորտում։


Հայաստանից ԵՄ արտահանվող հիմնական ապրանքներն են մոլիբդենը, երկաթե համաձուլվածքները, ալյումինե փայլաթիթեղը, պղնձի հանքաքարը, ինչպես նաև մանրաթելից և նրբաթելից հագուստը։ Ալյումինե փայլաթիթեղի արտահանումը աճել է 33,5 տոկոսով, իսկ հագուստի՝ 13,5 տոկոսով։ ԵՄ-ից Հայաստան հիմնականում ներմուծվում են հեռախոսներ, նավթամթերք, ավտոմեքենաներ և դեղամիջոցներ։

Քաղաքականություն

Պատահարներ