«Ռուսաստանի անվտանգության ապահովումը կենսական նշանակություն ունի». Պեսկով
Կրեմլի խոսնակը նշել է, որ «Բուրեվեստնիկ» հրթիռների փորձարկումները չեն ուղղված ԱՄՆ-ի կամ Արևմուտքի դեմ:
Ռուսաստանի անվտանգության ապահովումը երկրի համար կենսական նշանակություն ունի՝ հատկապես Եվրոպայում աճող ռազմական և ռուսատյաց տրամադրությունների ֆոնին։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե արդյոք նոր հրթիռների փորձարկումները կարող են դիտվել որպես ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից վերջին շրջանում ուժեղացած տնտեսական ճնշումներին Մոսկվայի պատասխան։
«Ռուսաստանի անվտանգության ապահովումը մեր պետության հիմնական առաջնահերթություններից է։ Մենք գործ ենք ունենում ոչ թե պատասխանի, այլ պաշտպանական անհրաժեշտության հետ»,– ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ «Բուրեվեստնիկ» հրթիռների փորձարկումներում չկա ոչինչ, ինչը կարող է սրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները։ «Դա մեր ազգային անվտանգության բաղադրիչ է, և փորձարկումները չեն միտված որևէ երկրի դեմ»,– հավելել է նա։





























