
Պուտինը մտադիր է նվաճել ամբողջ Ուկրաինան. ԱՄՆ հետախուզություն

ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Վլադիմիր Պուտինը դեռ ձգտում է գրավել ամբողջ Ուկրաինան՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ պատերազմին վերջ տալու բանակցությունների մեկնարկին։ Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով արեւմտյան հետախուզական գերատեսչությունների չորս ներկայացուցիչների եւ ԱՄՆ Կոնգրեսի երկու անդամների։
«Մենք ոչ մի ակնարկ չունենք, որ Պուտինը շահագրգռված է իրական խաղաղության համաձայնագրով հենց հիմա»,- ասել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչներից մեկը:
Երեքշաբթի օրը՝ փետրվարի 18-ին, Վլադիմիր Պուտինն իր պատվիրակությանը ուղարկել է Էր Ռիադ՝ հանդիպելու ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ Բանակցությունների հիմնական նպատակն էր քննարկել Ուկրաինայում պատերազմի հնարավոր ավարտը։ Սակայն, ըստ պարբերականի աղբյուրների, հետախուզության ներկայիս տվյալները ցույց են տալիս, որ Պուտինը դեռ հույս ունի «սպասեցնել Ուկրաինային և Եվրոպային»՝ հույսը դնելով ապագայում ամբողջ երկիրը գրավելու հնարավորության վրա։ «Նա կարծում է, որ հաղթում է», - ասել է արևմտյան հետախուզության աշխատակիցներից մեկը՝ հավելելով, որ մարտադաշտում Ռուսաստանի զգալի կորուստները չեն ստիպել Պուտինին վերանայել իր նպատակները կամ դադարեցնել ռազմական գործողությունները։
Բանախոսները, որոնք զրուցել են NBC News-ի հետ, կարծում են, որ Պուտինը կարող է օգտագործել բանակցությունները որպես մարտավարական դադար՝ վերակառուցելու իր բանակը և ամրապնդելու իր դիրքերը: Նրանք կարծում են, որ եթե նույնիսկ Պուտինը համաձայնի հրադադարի կամ խաղաղության ժամանակավոր համաձայնագրի, դա կարող է լինել միայն ուժերը վերախմբավորելու համար ժամանակ շահելու փորձ:
Արեւմտյան պաշտոնյաները կասկածներ են հայտնել, որ Պուտինը պատրաստ է իրական զիջումների կամ երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի։ Ռուսական կողմի հետ ցանկացած բանակցություն կարող է ավելի շատ ուղղված լինել Արևմուտքի պոտենցիալ զիջումների և Պուտինի վերադարձին միջազգային ասպարեզ, որտեղ նրա մեկուսացումը խորացել է երեք տարի առաջ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, ավելացնում են նրանք։
Արևմտյան հետախուզության պաշտոնյաներն ընդգծել են, որ Պուտինը չի պլանավորում զորքերը դուրս բերել Ուկրաինայից կամ կրճատել ռազմական կազմավորումներն ու տեխնիկան Ռուսաստանի արևմտյան շրջաններում: Ավելին, ՌԴ նախագահի վստահությունը բարձրացվեց Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների վերջին հայտարարություններով՝ ակնարկելով, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը չի համարում բանակցային կարգավորման իրատեսական արդյունք։
«Նրա նպատակները մնում են մաքսիմալիստական»,- նշել է հետախուզության աշխատակիցներից մեկը։
Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ դաշնակիցների և նրանց հետախուզությունը հաստատում է, որ Պուտինը լայն հավակնություններ ունի Ուկրաինայի նկատմամբ: Կոնգրեսի պաշտոնյաները և վարչակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը շեշտել են, որ դա եղել է ինչպես Ջո Բայդենի պաշտոնավարման ավարտին, այնպես էլ Դոնալդ Թրամփին անցնելու ժամանակ։ Իրավիճակը մնում է անփոփոխ Թրամփի պաշտոնավարումից մեկ ամիս անց։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղի ունեցան առաջին ուղիղ բանակցությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև պատերազմի սկզբից ի վեր։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի մասնակցությունը բանակցություններին մերժվել է թե՛ Մոսկվայի, թե՛ Վաշինգտոնի կողմից՝ չնայած Սաուդյան Արաբիայի թագաժառանգի՝ Վլադիմիր Զելենսկին երկխոսության մեջ ընդգրկելու նախաձեռնությանը։