Հայտնի է՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի կործանման պատճառը

Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունը շարունակվում է: Ադրբեջանական և միջազգային մի շարք լրատվամիջոցներ, հղում կատարելով Ադրբեջանի կառավարությունում իրենց աղբյուրներին, հայտնում են, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության «Պանցիր-էս» համակարգի միջոցով։


Հրթիռն արձակվել է ինքնաթիռի ուղղությամբ, երբ ռուսական ՀՕՊ ուժերը փորձել են հակազդել ուկրաինական ԱԹՍ-ների հարձակմանը: Հրթիռը պայթել է օդում՝ ինքնաթիռից ոչ հեռու և վնասել է այն: Վնասված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում՝ չնայած օդաչուների կողմից արտակարգ վայրէջք կատարելու խնդրանքին: Փոխարենը անձնակազմին հանձնարարվել է թռչել դեպի Ղազախստանի Ակտաու քաղաք։



«Հետաքննությանը մասնակցող ադրբեջանական կողմի համար իրավիճակը պարզ է։ Ոչ ոք չի պնդում, որ դա միտումնավոր է արվել։ Սակայն, հաշվի առնելով հաստատված փաստերը, Բաքուն ակնկալում է, որ ռուսական կողմը կընդունի, որ խոցել է ադրբեջանական ինքնաթիռը, պաշտոնական ներողություն կխնդրի ադրբեջանական ժողովրդից և կանցկացնի լիարժեք հետաքննություն, որի արդյունքում բոլոր մեղավորները կպատժվեն ու պատասխանատվության կենթարկվեն»,-հայտնել է աղբյուրը:


Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող կործանված ինքնաթիռում եղել է 65 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ղազախստանի փոխվարչապետը հայտնել է, որ աղետի հետևանքով զոհվել է 38 մարդ: Ադրբեջանի գլխավոր դատախազությունն էլ հայտնել է 32 ուղևորի փրկվելու մասին: