Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան
Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ ադրբեջանական դատարանի կայացրած դատավճիռը թարգմանվել է անգլերեն և համապատասխան փաստաթղթերի հետ միասին պաշտոնապես ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր բողոքարկել ադրբեջանական դատական համակարգի վերադաս ատյան՝ դատական գործընթացը համարելով անիմաստ, մինչդեռ մյուս տասնհինգ հայերի գործով վերաքննիչ բողոքի քննությունը մոտենում է ավարտին: Ըստ Սահակյանի՝ տասնհինգի մասով կանխատեսելի է ռազմական դատարանի վճռի պահպանումը, քանի որ Ադրբեջանի որևէ դատարան չի կարող էթնիկ հայերի իրավունքների պաշտպանության մեխանիզմ լինել, հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերում:
Վարդանյանի գործով ՄԻԵԴ գանգատ ներկայացնելը փաստաբանը պատճառաբանել է այն հանգամանքով, որ անհնար է իրավունքներ պաշտպանել արդարությունը մերժող համակարգում, որտեղ դատավարությունը գործադիր իշխանության քաղաքական որոշումների կատարման արարողակարգ է։ Ընտանիքի միջոցով հասանելի դարձած դատավճռի ուսումնասիրությունից հետո պարզ է դարձել, թե ինչու են նիստերն անցկացվել դռնփակ․ մեկ տարուց ավելի տևած նախաքննության և մեկ տարվա դատաքննության ընթացքում չի հաջողվել «մեղադրանքներին» տրամաբանական հիմնավորում տալ: Փաստաթուղթը գնահատվել է որպես ոչ պրոֆեսիոնալ և մասնագիտական քննադատության չդիմացող, որի հիման վրա հայրենակիցները ապօրինի պատանդ են պահվում։
ՄԻԵԴ ներկայացված գանգատում վկայակոչվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ութ հոդվածների, այդ թվում՝ 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի բոլոր երեք կետերի խախտումները, ինչպես նաև խտրականության արգելքի և քաղաքական դրդապատճառներով իրավունքների սահմանափակման արգելքի դրույթները:
Ըստ «դատավճռի»՝ Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 41 դրվագով՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 21 հոդվածներով, սակայն նրա անհատական մեղքը փաստերով կամ ապացույցներով չի հիմնավորվել։ Դատարանը եզրակացրել է, որ «հանցավոր համայնքը»՝ Արցախի չճանաչված վարչակազմը, գործել է 1988 թվականից, իսկ Վարդանյանը դրան միացել է 2020 թվականի դեկտեմբերին (գտնվելով Մոսկվայում), որից ելնելով նրան պատասխանատու է համարել այդ համայնքին վերագրվող բոլոր «հանցագործությունների» համար: Փաստաթղթում հիշատակվող սպանությունները, տեղահանությունները, հարկադիր անհետացումներն ու խոշտանգումները տեղի են ունեցել Վարդանյանի՝ Արցախում պաշտոն զբաղեցնելուց կամ բնակվելուց տարիներ առաջ:
Վարդանյանի հետ անմիջականորեն կապվող գործողությունները վերաբերել են 2022թ. նոյեմբերից 2023թ. փետրվարը Արցախի պետական նախարարի պաշտոնում ծառայությանը և 2023թ. մայիս-սեպտեմբեր ամիսների գործունեությանը: Պաշտոնի ընդունումը որակվել է որպես «իշխանության բռնի զավթում», առևտրային ու բարեգործական գործունեությունը՝ «ապօրինի ձեռնարկատիրություն և ահաբեկչության ֆինանսավորում», իսկ Լաչինի միջանցքով մուտքը՝ «սահմանի ապօրինի հատում»: Միևնույն ժամանակ, դատավճռում չի նշվել որևէ կոնկրետ հրաման կամ անձնական մասնակցություն սպանությունների, խոշտանգումների կամ հարձակումների վերաբերյալ:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից միջազգային կառույցների ու դատարանների որոշումների չկատարմանը և աշխարհաքաղաքական շահերին իրավունքների ստորադասմանը՝ Սիրանուշ Սահակյանը նշել է, որ չպետք է թերագնահատել իրավական կողմը կամ դադարել պայքարելուց, քանի որ միջազգային իրավական գործընթացների արդյունքները վաղ թե ուշ անհետևանք չեն մնա, և առկա են բոլոր հիմքերը ՄԻԵԴ-ում դրական արդյունքի հասնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ադրբեջանի արտգործնախարարի աղմկահարույց հայտարարությանը. News
Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է TRIPP նախագիծը, որի կարգավորումները նախատեսված են ՀՀ և ԱՄՆ միջև մայիսին ստ...