Վրաստանի Նակրա գետում ռուս զբոսաշրջիկի դի է հայտնաբերվել

Վրաստանում հունվարի 5-ին Սվանեթիի շրջանում առևանգված ռուս զբոսաշրջիկի դի է հայտնաբերվել Նակրա գետում։ Այս մասին հայտնում է NewsGeorgia-ն՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ հայտարարությանը։


«Осторожно, новости» Telegram ալիքը գրել է, որ Ռուսաստանից ժամանած մի զույգ՝ Վիկտորն ու Ալինան, հունվարի 5-ի գիշերը Զուգդիդի քաղաքից մեքենայով շարժվել են դեպի Մեստիա գյուղ։ Ալինայի խոսքով՝ ինչ-որ պահի ձյուն է եկել, մեքենայից իջել են՝ լուսանկարվելու և Սուբարու մակնիշի մեքենան է անցել իրենց կողքով, որն օգնություն է առաջարկել զույգին: Մերժելով օգնությունը զույգը շարունակել է ճանապարհը, որից հետո կրկին հանդիպել են այդ մեքենային և կոնֆլիկտ է սկսվել: 


Կնոջ խոսքով՝ ինքը լսել է, թե ինչպես են անհայտ մարդիկ ասում. «Ինչո՞ւ եք կանգնել թունելում, ինչո՞ւ են մեզ նկարել»։ Նա նաև ասել է, որ երկու կրակոց է լսել։ Արդյունքում անհայտ անձինք Վիկտորին տարել են իրենց մեքենայով։


Հունվարի 6-ի երեկոյան Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է երկու կասկածյալի ձերբակալության մասին։ Ըստ քննիչների՝ հունվարի 5-ին նրանք թալանել են օտարերկրյա երկու քաղաքացու և խլել նրանց բջջային հեռախոսները։ ՆԳՆ-ից հայտնում են, որ զբոսաշրջիկներից մեկը՝ 1986 թվականին ծնված տղամարդը, ապօրինի կերպով զրկվել է ազատությունից և սպանվել առևանգողների կողմից։ Ոստիկանությունը կարծում է, որ կասկածյալներից մեկը դին գցել է գետը՝ հանցագործությունը կոծկելու համար։