Տնտեսական ճգնաժամը տնտեսվարողներին դուրս է բերում փողոց. «Փաստ»
Վերջին շրջանում Հայաստանի սոցիալտնտեսական կյանքում նկատվող միտումներն արդեն անցնում են տեղային դժգոհությունների սահմանը՝ վերածվելով խորքային, համակարգային ճգնաժամի։ Մայրուղիներ փակող լոլիկագործները, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ անող ձկնաբույծները և գյուղատնտեսության տարբեր ճյուղերի ներկայացուցիչները հստակ ազդակ են ուղարկում՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքով ահռելի վնասներ կրած տնտեսվարողները աստիճանաբար սկսում են դուրս գալ փողոց։ Այս մասին գրում է «Փաստ» թերթը:
«Գյուղացին ու արտադրողը կանգնած են կոտրած տաշտակի առջև, երբ իրացման ավանդական շուկաների խաթարումը, լոգիստիկ թանկացումներն ու արտահանման անհաղթահարելի խոչընդոտները ուղղակիորեն հարվածում են իրենց ապրուստին ու գոյությանը։
Մինչ դաշտերում, ջերմոցներում ու ֆերմաներում ճգնաժամն օրեցօր խորանում է, պաշտոնական հռետորաբանության մեջ տիրում է բոլորովին այլ՝ զուգահեռ իրականություն։ Իշխանություններն հայտարարում են, թե մեզ համար բացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների ծաղկի շուկան, կամ թե եվրոպական երկրներն անհամբեր սպասում են հայկական պտուղ-բանջարեղենին։ Իրականության մեջ Եվրոպա հասնող խմբաքանակները հատուկենտ են կամ լավագույն դեպքում կրում են փորձնական բնույթ և որևէ կերպ չեն փոխարինում հազարավոր տոննաներով սպառման ավանդական ծավալներին։
Ավելին, ջրի երես են դուրս գալիս ու առավել տեսանելի են դառնում լոգիստիկան ավտոմատացնելու և համակարգային լուծումներ տալու խնդիրները։
Եվ այստեղ առաջանում է ամենաբնական հռետորական հարցը. եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ։
Տնտեսական ճգնաժամը չի լուծվում ուժային մեթոդներով ու բերման ենթարկելով. իրավիճակն արդեն պահանջում է ուղիղ վիրահատական միջամտություններ՝ տնտեսության կազմակերպման, արտաքին առևտրի կառավարման և լոգիստիկ շղթաների վերանայման հարցերում»,- գրում է թերթը: