Հայկական զարդանախշն՝ Ադրբեջանի «Հաղթանակի զբոսայգում»
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրել է, որ Ադրբեջանը՝ Արցախի ռազմական նվաճումն ու հայ բնակչության էթնիկ զտումները փառաբանող «Հաղթանակի զբոսայգու» կենտրոնում արցախյան ավանդական հայկական «Արծվագորգի» զարդանախշով հուշարձան է տեղադրել և այն միջազգային դիտորդներին ներկայացրել COP 29-ը Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) մասնակից երկրների 29-րդ համաժողովին։
Ինչպես նշում է քաղաքագետ Սոսի Թաթիկյանը, այս գործողությունը հայկական մշակութային ժառանգության յուրացման հաշվին ռազմական ագրեսիա և էթնիկ զտում փառաբանող հերթական հուշարձանի կառուցումն է Ադրբեջանում։
«Արծվագորգի» գլխավոր զարդամոտիվը Արծիվն է։ Ըստ մասնագետների, այն թևավոր Արևի կամ ուրարտական Խալդի աստվածության, ապա և զրադաշտական Ահուրամազդայի կերպավորումներից է։ Թևավոր Արևի այսպիսի պատկերագրությունը հայկական արվեստում հայտնի է դեռևս հնագույն ժամանակաշրջանից և իր արտահայտությունն է գտնում նաև Արցախ-Սյունիքի հայկական ուշ միջնադարյան գորգերում։ Այն օտարալեզու գրականության մեջ հայտնի է «Tschelaberd» անվանումով։
Վերջին շրջանում մշակութային յուրացման այս քաղաքականությունը միջազգային հարթակներում զգալի ակտիվությամբ է ընթանում։
Հիշեցնենք նաև որ դեռևս 2024 թվականի մայիսին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում «Դեկորատիվ արվեստի և դիզայնի թանգարանում» «Ադրբեջանական գորգեր. հիշողության գենետիկական կոդը» խորագրով ցուցահանդես էր բացվել, որի հիմնական ցուցադրությունն ընդրկում էր Արցախի և Հայաստանի տարածարջանի հայկական գորգերը։
Հայկական ժառանգության յուրացմամբ Ադրբեջանը խախտում է 2005 թ. Փարիզում ընդունված «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» և «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» 1965 թ. ՄԱԿ-ի կոնվենցիաները։