ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կայարաններում կոլապս է․ Մետրոպոլիտենի պարզաբանումը

Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում, երբ այլ տրանսպորտ չկար։ Այս մասին իր էջում գրել է Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը՝ տեսանյութ հրապարակելով մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանից:


Տեսանյութում երեւում է, որ կանգառն ամբողջությամբ լի է մարդկանցով եւ երբ գնացքը գալիս է, քաղաքացիներից միայն մի մասին է հաջողվում նստել գնացքը:


«Նման տեսարան մեկ էլ 90ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում, երբ այլ տրանսպորտ չկար։ Գարեգին Նժդեհ կայարանից աշխատանքի գնալ չկարողացող մեր քաղաքացին է ուղարկել»,- գրել է Աբգարյանը։


Auroranews-ը կապ հաստատեց Մետրոպոլիտեն՝ իրավիճակի հետ կապված պարզաբանում ստանալու համար։ 


«Հոսքը շատ է դեպի մետրո պիկ ժամերին, ինչպես ցանկացած երկում։ Չեմ կարծում, որ դա միայն Երևանի խնդիրն է։ Մինչև մարդիկ տեղավորվում են, մինչև շարժվելու համար անվտանգ պայմաններ են ստեղծվում, բնականաբար, գրաֆիկը խախտվում է»,- նշեցին Մետրոպոլիտենից։


Մեր ճշտող հարցին՝ արդյոք խնդիրը միյան այսօր է եղել, թե պարզապես այսօր են տեսանյութեր տարածվում, Մետրոպոլիտենի խոսնակը նշեց․ «Կարծում եմ, որ այսօր է։ Հոսքը շատ է դեպի մետրո, մինչև անվտանգ պայման է ստեղծվում, որ գնացքը կարողանա շարժվել, քանի որ անվտանգությունը գերակա է, բնականավար արդեն գնացքների չվացուցակը խախտվում է»։ 


Մետրոպոլիտենի խոսնակ Աննա Ասլանյանը թեմային անդրադարձել է նաև իր ֆեյսբուքյան էջում և գրել․ «Այսօր, սոց ցանցերում մեր քաղաքացիները մետրոյի ուղեւորափոխադրումների վերաբերյալ հրապարակումներ են անում և իրենց դժգոհություններն արտահայտում պիկ ժամերին ստեղծված որոշակի անհարմարություններից։

Հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին մետրոյի ծանրաբեռնվածությունը երբեմն կարող է առաջացնել անհարմարություններ, քանի որ ուղևորափոխադրումը բավականին ավելացել է, բայց պետք է նշեմ,որ նման ծանրաբեռնվածությունը՝ հատկապես մեծ քաղաքների մետրոյի համակարգերի համար, բնորոշ երևույթ է:

Մետրոյի ծանրաբեռնվածություն կարող է հանդիպել նաև աշխարհի ամենազարգացած ենթակառուցվածքներ ունեցող երկրներում՝ օրինակ Ճապոնիայում, որտեղ մետրոյի կայարաններում հերթապահում են այպես կոչված «տափանորդները». նրանք ամրակազմ տղամարդիկ են, ովքեր պիկ ժամին գնացքի մեջ չտեղավորվող ուղևորներին հրելով տեղավորում են:

Իհարկե, հասկանում եմ, կասեք մի համեմատեք Ճապոնիայի հետ, բայց չմոռանանք, որ նման խնդիր ունի անգամ զարգացած համակարգ ունեցող երկիրը։

Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք մեր քաղաքացիների ու մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունն ու շնորհակալ ենք Ձեր համբերության, ըմբռնման և մեզ հետ միասին այս իրավիճակը բարելավելու պատրաստակամության համար»:


Պատահարներ