Կառավարությունը քայլեր է ձեռնարկում նվազեցնելու սահմանային կուտակումները
Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ՝ նպատակ ունենալով նվազեցնել ՀՀ պետական սահմանի ցամաքային անցման կետերում առաջացող կուտակումները։ Նախագիծը ներկայացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը՝ նշելով, որ փոփոխությունները վերաբերում են հարկերի և տուրքերի գանձման գործընթացի բարելավմանը։
Ըստ Սահակյանի՝ առաջարկվում է հետաձգել բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի և պետական տուրքի վճարումները՝ սահմանելով դրանք ՀՀ սահմանը հատելուց հետո մինչև աշխատանքային 15-րդ օրը, բայց ոչ ուշ, քան ՀՀ տարածքից ելքը։ Սա, ըստ ներկայացված հիմնավորման, կնվազեցնի բեռների կուտակումները սահմանին։
«Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվում է վերացնել սահմանին վճարվող 5000 դրամի պետական տուրքը և այն որոշ չափով բարձրացնել ապրանքների հայտարարագրման փուլում։
Մասնավորապես՝ մինչև 3 տոննա բեռի համար՝ 5000 → 7000 դրամ, 3–10 տոննա՝ 10000 → 13000 դրամ, 10–25 տոննա՝ 15000 → 18000 դրամ, 25–60 տոննա՝ 20000 → 24000 դրամ, 60 տոննայից ավելի բեռների համար՝ 30000 → 35000 դրամ։
Ըստ զեկուցողի՝ փոփոխությունները տնտեսվարողների վրա լրացուցիչ բեռ չեն ստեղծում, իսկ որոշ դեպքերում անգամ կթեթեւացնեն այն։
Բացի այդ, առաջարկվում է ՀՀ-ում չգրանցված ավտոմեքենաների համար սահմանել բնապահպանական հարկի միասնական դրույքաչափեր՝ հաշվի առնելով, որ արտանետումների նորմերից գերազանցման դեպքերում գործում են այլ իրավական կարգավորումներ։ Սահակյանի խոսքով՝ սահմանին արտանետումների չափման իրականացումն անիրատեսական է։
Նախագծով նախատեսվում է նաև ազատել ճանապարհային հարկից այն բեռնատարներին, որոնց ելքը Հայաստանի տարածքից հնարավոր չէ ճանապարհի անանցանելիության պատճառով։
Օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 5-ի նիստում։ Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և առաջարկել է այն ընդգրկել ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում։
Նմանատիպ հոդվածներ
Այս անտարբեր վերաբերմունքը հանգեցրեց հսկայական հիասթափության. Միրզոյան
Ֆիննական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն, անդրադառնալով ՀԱՊԿ-ի շրջանակներում ՀՀ ներգրավ...
Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը ձերբակալվել է
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման...
Բայրամովն արձագանքել է Զախարովայի՝ Լաչինի միջանցքը բացելու կոչին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովայի հայտարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ռուսաստանում Պուտինի փոխարեն ընտրել են Նիկոլ Փաշինյանին
Սոցցանցերում է հայտնվել Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրությունների քվեաթերթիկ, որում երևում է, որ Վլադիմիր Պուտինի...