Վլադիմիր Գասպարյանից կբռնագանձվի 35 միլիոն դրամ․ մանրամասներ

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվելու է 35 միլիոն դրամ, և դատական ակտը ստացել է օրինական ուժ։


2020 թվականի հունիսի 1-ին Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու, ինչպես նաև 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ծանրացուցիչ հանգամանքներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (յուրաքանչյուրը՝ երկու դրվագով)։


Նույն թվականի հունիսի 24-ին դատախազը քրեական գործից անջատված մասը հաստատված մեղադրական եզրակացությամբ ներկայացրել էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։


Դատախազը նաև քաղաքացիական հայց էր ներկայացրել ամբաստանյալներ Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի, Վարդան Թունյանի և Գուրգեն Գրիգորյանի դեմ։ Հայցով պահանջվել էր՝


Վլադիմիր Գասպարյանից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 35 միլիոն 200 հազար դրամ,


Վարդան Թունյանից՝ 6 միլիոն 513 հազար դրամ,


Լևոն Երանոսյանից, Վարդան Թունյանից և Գուրգեն Գրիգորյանից՝ համապարտորեն բռնագանձել 7 միլիոն 954 հազար դրամ։

Քաղաքականություն