Ալիևի հայտարարությունը ապակառուցողական ենք համարում, բայց շեշտադրման որոշակի փոփոխություն տեսնում ենք. Ռուբինյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմի հայտարարություններում որոշակի փոփոխություն է նկատվում օգոստոսի 8-ից, սակայն դեռ կան ապակառուցողական հայտարարություններ։


Ռուբինյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը Սևանա լճի վերաբերյալ, նշեց, որ անցյալին վերադառնալ պետք չէ, այլ անհրաժեշտ է առաջ շարժվել՝ խաղաղությունը պահպանելու համար։ Նա հավելեց, որ Ալիևը խոսել է ցարական քարտեզների մասին, որտեղ նշված է եղել Գյոյչա, ոչ թե Սևան։


Ռուբինյանի խոսքով՝ խաղաղությունը հենց այն է, երբ ռուսական ծագման ցորենը Ադրբեջանի տարածքով երկաթուղով ներմուծվում է Հայաստան։ Նրա գնահատմամբ՝ սա պատմական իրադարձություն է, քանի որ վերջին անգամ նման փոխադրումներ եղել են 1991-1992 թվականներին։


Պատասխանելով դիտարկմանը, որ նման կապը նախկինում չի կանխել պատերազմը, Ռուբինյանը ընդգծեց, որ խոսքը հավանականությունների նվազեցման մասին է․ փակ սահմանների պայմաններում բախման հավանականությունը շատ ավելի բարձր է, քան բաց սահմանների դեպքում։


Նա հավելեց, որ Հայաստանի համար սա առաջին երկաթուղային կապն է մի երկրի հետ, որը Վրաստանը չէ, և դժվար է գերագնահատել այս իրադարձության նշանակությունը։


«Խաղաղության ճանապարհին կարող են լինել խնդրահարույց հարցեր, բայց պետք է կենտրոնանալ իրական ձեռքբերումների վրա, և ցորենի ներմուծումը Ադրբեջանի տարածքով հենց այդպիսի փաստ է»,– նշեց Ռուբինյանը։

Քաղաքականություն