Խարիչևը նախազգուշացրել է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի վտանգի մասին

ՌԴ նախագահի վարչության ղեկավար Ալեքսանդր Խարիչևը հայտարարել է, որ երկրում կուտակված սոցիալական, տնտեսական և քաղաքական հակասությունները կարող են քաղաքացիական պատերազմի պատճառ դառնալ։


Խարիչևը այս մասին գրել է իր «Ովքե՞ր ենք մենք» հոդվածում, որը հրապարակվել է «Գոսուդարստվո» ամսագրում։ Նրա խոսքով՝ քաղաքացիական պատերազմը Ռուսաստանի առջև կանգնած հինգ հիմնական մարտահրավերներից մեկն է։ Բացի դրանից, նա նշել է քաղաքական, տարածքային և մշակութային ինքնիշխանության կորուստը, դեպոպուլյացիան, իշխանության հանդեպ վստահության անկումը, քաղաքական համակարգերի փլուզումը և «դեհումանիզացիան», որոնք կարող են հանգեցնել ռուսների «սպառողական սուբյեկտների» վերածմանը։


Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ նման սպառնալիքներին հակազդելու համար անհրաժեշտ է ձևավորել միասնական և համերաշխ հասարակություն։ Նրա առաջարկած գաղափարախոսությունը՝ «Մենք չենք լքում մերոնց», պետք է հիմնված լինի «սեփական քաղաքակրթական կոդի» վրա և պաշտպանի «ինքնիշխանության կորստից»։ Խարիչևը հավելել է, որ անհրաժեշտ է շուտափույթ ընդունել «հայրենասիրական դաստիարակության մասին» օրենք, որը կպարտավորեցնի պետական մարմիններին, կրթական հաստատություններին և կառույցներին քաղաքացիների մեջ սերմանել համապատասխան վերաբերմունք։

Քաղաքականություն