Եթե դա տեղի ունենար այլ ժողովրդի հետ, հասարակության արձագանքն այլ կլիներ․ ՄԱԿ

Միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում Գազայի հատվածում տեղի ունեցող «սարսափներին և մղձավանջներին»՝ փաստացի անտեսելով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերին։ Նման գնահատականով է հանդես եկել պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի մերձավորարեւելյան գործակալության ներկայացուցիչ Սեմ Ռոուզը:


«Ամբողջ ուշադրությունն ուղղված է Գազայի հատվածին, սակայն դա ոչինչ չի փոխում։ Նախկինում զգացողություն կար, որ ինչ-որ պահի իրավիճակը տարածաշրջանում կհասնի այն կետին, երբ աշխարհը կասի «բավական է»», - ասել է Ռոուզը Եվրոպական Politico պարբերականին:


ՄԱԿ-ի ներկայացուցչի գնահատմամբ՝ ԶԼՄ-ներում «սարսափելի պատմությունները» եւ Գազայի հատվածում հակամարտության սրման աստիճանը բավարար չեն, որպեսզի աշխարհը գործի:


«Հակամարտության ողջ ընթացքում պահպանվում է երկակի ստանդարտների զգացումը։ Եթե դա տեղի ունենար այլ ժողովրդի, այլ ոչ թե պաղեստինցիների հետ, հասարակության արձագանքը բոլորովին այլ կլիներ», - կարծում է Ռոուզը:


Մասնագետը նաեւ հայտնել է, որ սեպտեմբերի 11-ին Գազայի հատվածի կենտրոնական հատվածում իսրայելական ավիահարվածներից հետո, որոնց հետեւանքով զոհվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վեց աշխատակիցներ, կազմակերպության աշխատակիցները չեն ցանկանում կրել ՄԱԿ-ի խորհրդանիշներով բաճկոններ, քանի որ վախենում են, որ դա իրենց թիրախ կդարձնի:


«Միգուցե ամեն ինչ չափազանց շատ է՝ այդ մղձավանջները։ Ինձ ուղղակի զարմացնում է, որ ոչ ոք ոչինչ չի կարող անել», - ընդգծել է մասնագետը՝ մեկնաբանելով Գազայի հատվածում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը։



Քաղաքականություն