Վաղարշապատ համայնքի ղեկավարը տուգանվել է 300 հազար դրամով․ «Հետք»
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանին ենթարկել է վարչական պատասխանատվության 300 հազ․ դրամի չափով՝ շահերի բախմանն առնչվող գործողություններ կատարելու համար։
Վարչական պատասխանատվության հիմք է հանդիսացել «Հետքի»՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» վերնագրով հոդվածը։ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես էր սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել:
Փոքր առանձնատները կառուցվում են քաղաքի Տերյան փողոցի մարզադպրոցի հարևանությամբ: Այնտեղ շինարարությունը եռում է: Մի հատվածում բետոնացման աշխատանքներ են կատարվում, մյուս հատվածում՝ հողային: «Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրվել է շինարարության 20 թույլտվություն՝ բնակելի տներ կառուցելու համար: Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1,2 հեկտար, որը բաժանված է 59 առանձին հողամասերի:
«Նարե Պլյուս» ընկերության միակ սեփականատերը համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսուրն է՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի մայրը: Ընկերությունը ստեղծվել է 2023թ. հուլիսի 17-ին: Ռուզաննա Ասատրյանը «Նարե Պլյուս» ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու տնօրենն է:
Դիանա Գասպարյանը 2023թ․ նոյեմբերի 24-ին, նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 13-ին «Նարե պլյուս» ՍՊԸ-ի տնօրենին, որն իր սկեսուրն է, տվել է շինարարության 20 թույլտվություն։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դիտարկմամբ՝ համայնքի ղեկավարը 10-օրյա ժամկետում գրավոր հայտարարություն չի ներկայացրել հանձնաժողով՝ շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին։ Այդպիսով չի կատարել օրենքի պահանջը։
Դիանա Գասպարյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին դիրքորոշում է ներկայացրել, որ Ռուզաննա Ասատրյանն իր ամուսնու մայրն է։ Վերջինիս հետ համատեղ չի բնակվում, վարում է առանձին տնտեսություն և իր հետ փոխկապակցված անձ չի հանդիսացել, ուստի չէր կարող առաջանալ ենթադրվող շահերի բախումը։ Բացի այդ, հայտնել է, որ որոշումները կայացնելիս չի առաջնորդվել անձնական կամ մասնավոր շահով և որևէ նպատակ չի ունեցել առավելություն կամ արտոնություն ձևավորելու իր կամ իր ընտանիքի անդամի նկատմամբ։
Դիանա Գասպարյանը նաև մի շարք պատճառաբանություններ է ներկայացրել, որ իր գործողությունները կատարել է բարեվարքության սկզբունքից ելնելով և հանուն հանրային շահի։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հիմնավոր չի համարել Դիանա Գասպարյանի դիրքորոշումը և նրան ենթարկել է վարչական պատասխանատվության՝ արձանագրելով շահերի բախմանն առնչվող իրավահարաբերությունը, որով խախտվել է օրենքը։