Ճամբարակ–Թթուջուր հրդեհը շարունակվում է տարածվել. մանրամասներ

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ–Թթուջուր հատվածում բռնկված հրդեհը նոյեմբերի 23-ին տարածվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գետիկի անտառպետության 1-ին, 2-րդ և 4-րդ պահաբաժիններում՝ այրելով խոտածածկ տարածքներ և ծառեր։


Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության մեծ թվով մարտական հաշվարկներ և ուղղաթիռ, ինչպես նաև ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչությունների աշխատակիցները։


Տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով մի շարք հատվածներում կրակի մարման աշխատանքներն իրականացվել են անհատական միջոցներով։ Որոշ հատվածներում հաջողվել է կասեցնել կրակի տարածումը, սակայն չոր և քամոտ եղանակը չի թույլ տվել ամբողջությամբ մարել հրդեհը։


Նախնական տվյալներով՝ այրվել են Գետիկի անտառպետության 1-ին, 2-րդ և 4-րդ պահաբաժինների որոշ տարածքներ, իսկ կրակը շարունակում է շարժվել Դպրաբակի անտառպետության 6-րդ պահաբաժնի ուղղությամբ։


Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Քաղաքականություն