Հայտնի են` Թրամփի Ուկրաինայի խաղաղության ծրագրից հեռացված կետերը

ABC News-ի փոխանցմամբ՝ աղբյուրների տեղեկություններով, Ժնևում Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մշակած խաղաղության ծրագրից հանվել են այն դրույթները, որոնք վերաբերում էին հակամարտության ընթացքում կատարված հանցագործությունների համար համաներմանը, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի կրճատմանը։


Պարբերականի տվյալներով՝ ամերիկյան կողմի կողմից Ուկրաինային ներկայացված 28 կետանոց ծրագիրը վերանայման արդյունքում նվազել է մինչև 19 կետ։ Թարմացված տարբերակում այլևս չեն ներառում ռազմական գործողությունների ընթացքում կատարված գործողությունների համար համաներման կամ նախկին խորհրդային հանրապետության զինված ուժերի ապագա չափերի սահմանափակման վերաբերյալ դրույթներ, մանրամասներ է հայտնել հրապարակման հեղինակը։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ սկզբնական տարբերակից հանված դրույթները նախատեսվում է ներառել այլ փաստաթղթերում և քննարկել հետագա բանակցությունների ընթացքում։ Նշվել էր նաև, որ Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին «ամբողջովին չի բացառվում»։


Այս տեղեկություններից հետո Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական կողմը Ուկրաինայի համար թարմացված խաղաղության ծրագիր չի ստացել։

Քաղաքականություն