Էլեկտրականության միացման տեսակ կա, որը 10 անգամ թանկացրել են․ կնվազեցնենք 30-40%-ով. Պետրոսյան
Էլեկտրականության միացման տեսակ կա, որը 2023 թվականի ապրիլի 1–ից 10 անգամ թանկացրել են։ Ընդ որում, դա մասսայական միացումների մեջ է մտնում, հիմա ակնհայտ է, որ այդտեղ ուռճացում է նաև սոցիալական բեռի տեսակետից, և հանրային ծառայությունների կարգավորող մարմնի կողմից անհասկանալի է նման թանկացումը։ Այս մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ նշել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Մենք բնականաբար այդ 10 անգամը վերանայելու ենք: Այս պահին արդեն հաշվարկներ ենք իրականացնում, քանի որ վերանայումը ինքնին ազդելու է ընկերության մյուս տարվա բյուջեի, այդ թվում սակագնի մեջ այդ բեռի որոշակի չափին։
Բայց ունենալով ահռելի ֆինանսական խնայողություններ ներդրումային ծրագրի իրականացման, գնումների գործընթացների արդյունքում, թափանցիկության ապահովման արդյունքում, մենք այդ խնայողությունների մի մասը ուղղելու ենք, այսպես ասած, դրա սուբսիդավորմանը ընկերության բյուջեում։ Մենք բնականաբար չենք կարող 10 անգամ նվազեցնել, բայց առնվազն գոնե 30–40% հնարավոր է վերանայում ունենանք։ Այս պահին աշխատանքներ տանում ենք»,- ասել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։





























