Ոստիկանության Կոտայքի բաժնում տեղի ունեցած միջադեպի մասին քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Ոստիկանության Կոտայքի բաժնում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի էջից։


«2024 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 23:36-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքում օտարերկրացի մի քաղաքացին խնդրել է զանգահարել 1-02 և ասել, որ ոստիկան մոտենա:


Ահազանգով մեկնած ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցը ահազանգի վերաբերյալ պարզաբանումներ իրականացնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրել նշված օտարերկացուն, ով գտնվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասում, և օգտվելով հերթապահի օգնականի զբաղվածությունից ու անուշադրությունից, նախնական տվյալներով, ինքնասպանություն գործելու նպատակով վերցրել է հերթապահ մասի սեղանի տակ գտնվող «AKM» տեսակի ինքնաձիգը և այն բերել մարտական վիճակի։


Այդ նկատելով` ոստիկանության 2 աշխատակից փորձել է ինքնաձիգը վերցնել վերջինիս մոտից, սակայն այդ ընթացքում անձը կրակահերթ է արձակել, այնուհետև փողը մոտեցնելով իրեն՝ կրկին կրակահերթ է արձակել, ինչի արդյունքում վերջինս և ոստիկանության երկու աշխատակիցները ստացել են մարմնական վնասվածքներ: Աբովյան ԲԿ-ից ստացված հաղորդման համաձայն` ոստիկաններից մեկի մատն է վնասվել, մյուսի ձեռքի ափը, իսկ օտարերկրացին հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ մասի շրջանում։


Դեպքի առթիվ 2024 թվականի հուլիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով, 173-րդ հոդվածի 1-ին մասով և 337-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։


Նախաքննության շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասից հայտնաբերվել և վերցվել են ինքնաձիգի կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վերցվել է նաև «AKM» տեսակի ինքնաձիգը։


Հարցաքննվել են մի շարք անձինք։ Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։


Նախաքննությունը շարունակվում է», - գրել է ՔԿ խոսնակը։


Քաղաքականություն