«Ուկրաինան հակառուսական սադրանք է նախապատրաստում՝ թունավոր նյութերի կիրառմամբ»․ ՌԴ ՊՆ
Ուկրաինայի հատուկ ծառայությունները թունավոր նյութերի կիրառմամբ հակառուսական սադրանք են նախապատրաստում, այդ նպատակով քիմիական նյութերի խմբաքանակ է ձեռք բերվել Գերմանիայից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։
«Մեր տեղեկություններով՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմը համակարգում է ազգային հետախուզական ծառայությունների գործողությունները՝ թունավոր նյութերի կիրառմամբ հակառուսական սադրանք կազմակերպելու համար: Հաշվի առնելով սիրիական հակամարտության փորձը` ենթադրվում է, որ Ռուսաստանի զինված ուժերին քիմիական զենքի կիրառման մեջ մեղադրելը թույլ կտա հակառուսական նոր արշավ սկսել ՄԱԿ-ի կառույցներում և համաշխարհային լրատվամիջոցներում»,- ասել է Կիրիլովը։
Վերջինիս խոսքով` այդ նպատակով Ուկրաինայի անվտանգության ծառայությունը համագործակցության է հրավիրել ուկրաինական «Ռեալաբ» ընկերությանը, որը մասնագիտացել է քիմիական ռեագենտների և պրեկուրսորների ներկրման գործում։ Հաղորդվում է, որ այս ընկերության միջոցով 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին Գերմանիայից ձեռք է բերվել տրիէթանոլամինի և ազոտ պարունակող նատրիումի միացության փոքր խմբաքանակ, որն արտադրել է ամերիկյան «Honeywell Research Chemicals» ընկերությունը։