Հասարակություն

Վտանգավոր դիտահորեր և խեղդող փոշի. ինչո՞ւ են Էջմիածնի ճանապարհները դանդաղ վերանորոգվում. Hetq.am

Վտանգավոր դիտահորեր և խեղդող փոշի. ինչո՞ւ են Էջմիածնի ճանապարհները  դանդաղ վերանորոգվում. Hetq.am
Էջմիածնի Թումանյան փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ժամանակ պատշաճ չփակված դիտահորը դժբախտ պատահարի պատճառ է դարձել։ Մի կին ընկել է դիտահորի մեջ և մարմնական վնասվածքներ ստացել։…

Էջմիածնի Թումանյան փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ժամանակ պատշաճ չփակված դիտահորը դժբախտ պատահարի պատճառ է դարձել։ Մի կին ընկել է դիտահորի մեջ և մարմնական վնասվածքներ ստացել։ Կափարիչը կարգի է բերվել միայն Վաղարշապատի համայնքապետարան դիմելուց հետո։ Կնոջ հետ տեղի ունեցածը ոչ պատահականություն է, ոչ էլ միակ դեպքն է։ Էջմիածնի մի շարք փողոցներում ամիսներ շարունակ ընթացող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում նման վտանգավոր իրավիճակներ բազմիցս են առաջացել։ 


Հիմնանորոգվում են քաղաքի մի շարք գլխավոր ճանապարհներ՝ Պատկանյան, Թումանյան, Բաղրամյան, Չարենց և այլն: Էջմիածնի բնակիչները դժգոհում են, որ ճանապարհաշինական աշխատանքները ձգձգվել են, և վերջը չի երևում։ 


Քանդված ճանապարհները դժվարացրել են նաև երթևեկությունը։ Շատ վարորդներ խուսափում են այդ փողոցներով երթևեկելուց և նախընտրում են շրջանցիկ ճանապարհները։ Ավելի դժվար է այդ փողոցներում բնակվող վարորդների վիճակը։


«Հետքը» Վաղարշապատի համայնքապետարանից հետաքրքրվել է, թե օրական քանի աշխատող է ներգրավված նշված փողոցների հիմնանորոգման աշխատանքներում։ Համայնքապետարանից պատասխանել են, որ բանվորների թիվը նախագծանախահաշվային փաստաթղթերով չի սահմանվում։ Ըստ նրանց՝ նորմավորվում է միայն ինժեներատեխնիկական անձնակազմի թիվը, որը տվյալ դեպքում երեք մարդ է։


«Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը պարբերաբար աշխատանքային հանդիպումներ է անցկացնում ինչպես համայնքապետարանում, այնպես էլ շինհրապարակներում՝ շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- նշված է համայնքապետարանի պատասխանում։


Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ ճանապարհների հիմնանորոգումից առաջ նշված փողոցներում իրականացվել են կոյուղու համակարգի կառուցման աշխատանքներ՝ ներառյալ ներտնային միացումները։ Միայն այդ աշխատանքների ավարտից հետո են սկսվել ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները։


Հ. Թումանյան, Ռ. Պատկանյան, Սոս Մանուկյան և Մ. Բաղրամյան փողոցներում կոյուղու համակարգի կառուցման աշխատանքները ֆինանսավորվում են համայնքային բյուջեից։ Դրանք պետք է ավարտվեին մինչև 2026թ.–ի հունիսի 26-ը, սակայն, համայնքապետարանի պարզաբանմամբ, ժամկետները երկարաձգվել են անբարենպաստ եղանակի և շինարարության ընթացքում ի հայտ եկած լրացուցիչ, նախապես չնախատեսված աշխատանքների պատճառով։


Ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար Վաղարշապատի համայնքապետարանը 2025թ.–ի հոկտեմբերի 9-ին «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի հետ կնքել է պայմանագիր։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 824 մլն 400 հազար դրամ։ Աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Միկան» ՍՊԸ-ն, որի ծառայության արժեքը կազմում է 2 մլն 400 հազար դրամ։ Ծրագիրը ֆինանսավորվում է համայնքային միջոցների հաշվին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250