Քաղաքականություն

«Հակասաֆարովյան օրենք»․ ընդդիմությունն առաջարկում է սահմանափակել ադրբեջանցիների գույքային իրավունքները Հայաստանում

«Հակասաֆարովյան օրենք»․ ընդդիմությունն առաջարկում է սահմանափակել ադրբեջանցիների գույքային իրավունքները Հայաստանում
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանը հայտարարել է Ադրբեջանի քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերման նկատմամբ հատուկ կարգավորումներ և սահմանափակումներ սահմանելու…

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանը հայտարարել է Ադրբեջանի քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերման նկատմամբ հատուկ կարգավորումներ և սահմանափակումներ սահմանելու անհրաժեշտության մասին։


Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը բախվել է այնպիսի սպառնալիքների, որոնք նախկինում շատերին անհավանական էին թվում։ Այս մասին օգոստոսի 7–ին Ազգային ժողովում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանը՝ անդրադառնալով «հակասաֆարովյան օրենք» ընդունելու անհրաժեշտությանը։


Պատգամավորի խոսքով՝ բազմիցս հնչել են պնդումներ, թե որոշ սցենարներ երբեք չեն իրականանա կամ օրակարգում չեն, սակայն իրականությունը ցույց տվեց, որ պետությունն ու հայրենիքը չեն կարող անվտանգ մնալ միայն լավատեսական կանխատեսումների և թշնամաբար տրամադրված երկրների ղեկավարներին կիրթ կամ կառուցողական որակելու հիման վրա։


Մանուկյանը նշեց, որ ցանկանում է բարձրաձայնել մի խնդրի մասին, որի շուրջ Հայաստանի իշխանությունները նախընտրում են լռել կամ հակադարձել՝ պնդելով, թե դա ադրբեջանական խոսույթ է և Հայաստանի օրակարգում ներառված չէ։


Ադրբեջանի պետական պաշտոնյաները տարիներ շարունակ խոսում են Հայաստանի տարածքում հարյուր հազարավոր ադրբեջանցիների բնակեցման մասին՝ այդ գաղափարը դարձնելով պետական քաղաքականության ուղղություն, որն արտացոլվում է պաշտոնական հայտարարություններում, միջազգային հարթակներում, պահանջներում, քարոզչական օրակարգերում և պետական ֆինանսավորման համակարգում։ Մինչդեռ, ըստ պատգամավորի, Հայաստանի իշխանությունը շարունակում է գործել այնպես, կարծես որևէ սպառնալիք չկա։


Նա ընդգծեց, որ ազգային անվտանգությունը չի կարող հիմնվել միայն իշխանության օրակարգի վրա, այլ պահանջում է հասկանալ հակառակ կողմի նպատակներն ու ժամանակին կանխել դրանցից բխող ռիսկերը։ Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմն էլ իշխանության օրակարգում չէր, սակայն Ադրբեջանը սկսեց պատերազմ, որի հետևանքով Արցախը կորսվեց։


Ըստ Մանուկյանի՝ եթե Ադրբեջանը պետական մակարդակով հայտարարում է նման նպատակների մասին, Հայաստանը պարտավոր է ունենալ կանխարգելիչ իրավական մեխանիզմ, որը թույլ չի տա, որ սպառնալիքն ապագայում իրականություն դառնա։


Պատգամավորը նկատեց, որ ներկայումս ՀՀ օրենսդրությունը որևէ առանձնահատուկ մոտեցում չի նախատեսում Ադրբեջանի քաղաքացիների կողմից Հայաստանում սեփականություն ձեռք բերելու հարցում։ Նա սա համարեց լուրջ բացթողում և թերություն այն պայմաններում, երբ այդ պետությունը շարունակում է սպառնալ, չի հրաժարվում ուժի կիրառման քաղաքականությունից, պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը և տարածքային պահանջներ է ներկայացնում։


Որպես օրինակ՝ Մանուկյանը նշեց Թուրքիայի հողային գրանցման մասին թիվ 26-44 օրենքը, որով օտարերկրյա ֆիզիկական անձինք կարող են անշարժ գույք ձեռք բերել միայն նախագահի սահմանած պետությունների ցանկի շրջանակներում, որտեղ Հայաստանը ներառված չէ։ Սա փաստացի արգելք է ՀՀ քաղաքացիների համար։


Հետևաբար, ըստ պատգամավորի, Հայաստանը ևս պարտավոր է քննարկել օրենսդրական լուծումներ, որոնք Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ կսահմանեն հատուկ կարգավորում անշարժ գույքի սեփականության իրավունքի ձեռքբերման հարցում։ Նա ընդգծեց, որ սա որևէ ժողովրդի նկատմամբ խտրականություն չէ, այլ մերժողական վերաբերմունք հակահայկական ծավալապաշտական քաղաքականությանը։


Եզրափակելով՝ Մանուկյանը կոչ արեց միանալ այս նախաձեռնությանը, լրամշակել այն առաջարկներով և ընդունել ազգային անվտանգությունից բխող համատեղ լուծում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250