ՀԱՄԱՍ–ն Իսրայելի դեմ անակնկալ հարձակմանը պատրաստվել է դեռ 2022 թվականից. Haaretz
Արմատական ՀԱՄԱՍ շարժումը սկսել է լայնամասշտաբ հարձակում նախապատրաստել Իսրայելի վրա 2022 թվականից, և նրա մարտիկները պատրաստ են նոր հարձակողական գործողությունների, հայտնում է Haaretz-ը՝ վկայակոչելով խմբավորման ռազմական թևի ներկայացուցիչ Աբու Օբեյդային։
«Կազմակերպությունը սկսել է շաբաթ՝ հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած անակնկալ հարձակմանը պատրաստվել դեռ 2022 թվականից», - մեջբերում է հրատարակությունը նրա խոսքերը։
Օբեյդան ասել է, որ ՀԱՄԱՍ-ին հաջողվել է գաղտնի պատրաստել 4,5 հազար մարտիկ այս գործողության համար, ինչպես նաև անջատել իսրայելցի զինվորականների տեսախցիկները Գազայի հատվածի մոտ։ Շարժումը գործողություններ է ձեռնարկել նաև կիբերտարածությունում և հազարավոր հրթիռներ արձակել Իսրայելի տարածք:
Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ն այժմ պատրաստ է ցանկացած սցենարի, այդ թվում՝ Իսրայելի ցամաքային գործողությանը։
«Մենք նոր գործողություններ ենք ձեռնարկելու, որոնք հակառակորդին ավելի մեծ կորուստների կբերեն»,- ասել է նա։