Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսի և Միրիամ Լեքսմանի հյուրընկալությամբ հուլիսի 14-ին Եվրոպական խորհրդարանում կայացավ «Հայ քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով քննարկում, որին մասնակցում էին Եվրոպական խորհրդարանի անդամներ, իրավաբաններ, մարդու իրավունքների պաշտպաններ և Ադրբեջանում պահվող հայ պատանդառվածների ընտանիքների անդամներ։ Քննարկումը կենտրոնացած էր Ադրբեջանում շարունակվող հայ ռազմագերիների և քաղաքական պատանդառվածների պահման, ինչպես նաև նրանց ազատ արձակման ապահովման գործում Եվրոպական միության հնարավոր դերակատարության վրա։
Բանախոսները քննարկեցին խնդրի մարդասիրական, իրավական և քաղաքական ասպեկտները՝ պնդելով, որ հայ գերիների շարունակվող անօրինական կալանավորումը խաթարում է ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հեռանկարները։
Քննարկումը սկսեց Կոստաս Մավրիդեսը՝ վերահաստատելով Եվրոպական խորհրդարանի հստակ դիրքորոշումը, որով պահանջվում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Նա կիսվեց այն հիասթափությամբ, որն արտահայտում էին ներկաներից շատերը, որ գործադիր իշխանության աշխարհաքաղաքական նկատառումները ստվերել են թե՛ Եվրոպական խորհրդարանի կամքը, թե՛ այն արժեքները, որոնց վրա հիմնված է Եվրոպական միությունը։
Համաժողովում քննարկվեցին նաև կալանավորվածների շարունակվող ազատազրկման իրավական հետևանքները։ Փաստաբան Սիրանուշ Սահակյանը, ով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում է բազմաթիվ հայ գերիների շահեր, ընդգծեց, որ այդ գործերի նշանակությունը շատ ավելին է, քան առանձին անձանց ճակատագրերը։ Նա մասնավորապես նշեց․ «Հայ գերիների անօրինական կալանավորումն ու դատապարտումները պարզապես մարդու իրավունքների խնդիր չեն, այլ որոշիչ փորձություն՝ Եվրոպայի կարողության համար պաշտպանելու իրավունքի գերակայությունն ու միջազգային իրավակարգը։ Թեև Եվրոպական խորհրդարանն ընդունել է կարևոր բանաձևեր, այժմ դրանք պետք է ուղեկցվեն արդյունավետ քաղաքական գործողություններով։ Հակառակ դեպքում վաղը անպատժելիությունը կդառնա նորմ»։
Համաժողովի ողջ ընթացքում բանախոսները Եվրոպական միությանը կոչ արեցին դուրս գալ մտահոգություն արտահայտող հայտարարությունների շրջանակից և կիրառել իր տրամադրության տակ գտնվող դիվանագիտական ու քաղաքական գործիքները՝ ճնշում գործադրելու կալանավորվածների անհապաղ ազատ արձակման համար։ Նրանք ընդգծեցին՝ հայ քաղաքական բանտարկյալների և ռազմագերիների շարունակվող ազատազրկումը շարունակում է մնալ վստահության ձևավորման և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման գլխավոր խոչընդոտներից մեկը։
Համաժողովն ավարտվեց միասնական կոչով՝ ուղղված Եվրոպական միության հաստատություններին՝ ակտիվացնել Ադրբեջանի հետ իրենց ներգրավվածությունը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը դարձնել անհապաղ առաջնահերթություն։