Գազայի հատվածի միակ էլեկտրակայանը դադարեցրել է աշխատանքը վառելիքի բացակայության պատճառով

Գազայի հատվածի միակ էլեկտրակայանը հոկտեմբերի 11-ի առավոտյան դադարեցրել է աշխատանքը շրջափակման հետևանքով վառելիքի բացակայության պատճառով, հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին։ Նախկինում Իսրայելը դադարեցրել էր էլեկտրաէներգիայի և էներգետիկ ռեսուրսների բոլոր մատակարարումները երկիր՝ կապված «Երկաթե սրեր» ռազմական գործողության մեկնարկի հետ։ 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) խոսնակ Հիշամ Մխաննան Al Arabiya-ին ասել է, որ մարտերն ու շրջափակումն արդեն առանց էլեկտրականության են թողել առողջապահական կենտրոններն ու հիվանդանոցները՝ «վերածելով դրանք գերեզմանոցների»։ Մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 10-ին, RTVI-ի հետ զրույցում ԿԽՄԿ փորձագետ Իման Թրաբելսին հայտարարեց Գազայում հումանիտար ճգնաժամի սկիզբը, այդ թվում՝ ջրի և էլեկտրաէներգիայի սուր պակասը։ 

Գազայի հատվածում մնացած գործող էներգիայի աղբյուրները դիզելային գեներատորներն են, սակայն վառելիքի պաշարները դժվար թե երկար մնան, հայտնում է Պաղեստինի էներգետիկայի նախարարությունը։ 

Հոկտեմբերի 10-ի գիշերվանից Իսրայելի ռազմաօդային ուժերի և Իսրայելի պաշտպանության բանակի հրետանու հարվածները ավերակների են վերածել ամբողջական թաղամասեր, մասնավորապես, ինչպես հաղորդում է Associated Press (AP) գործակալությունը, հեղինակավոր և Գազայի չափանիշներով տնտեսապես զարգացած Ռիմալ թաղամասը, որտեղ, ի թիվս այլ բաների, գտնվում են ՀԱՄԱՍ-ի կառավարական շենքերը։ Ըստ AP-ի, այ հատվածում ռմբապաստարաններ չկան, ուստի ավերված շրջաններից փախստականները փորձում են ապաստան գտնել ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող ապաստարաններում, սակայն այնտեղ տարածքը զգալիորեն սահմանափակ է։ 

Հոկտեմբերի 10-ին Եգիպտոսի իշխանությունները փակեցին Ռաֆահ անցակետը Գազայի հատվածի հետ սահմանին՝ դրանով իսկ դե ֆակտո մեկուսացնելով տարածաշրջանը և նրա բնակչությանը արտաքին աշխարհից: Իսրայելի բոլոր անցակետերը նույնպես փակ են ընթացիկ ռազմական գործողության պատճառով։ 

The New Arab-ը, հղում անելով Եգիպտոսի անվտանգության ուժերի անանուն աղբյուրին, հայտնում է, որ Գազայի հատվածի և Իսրայելի հետ սահմաններում բարձր զգոնության ռեժիմ է մտցվել՝ պաղեստինցիների կողմից սահմանն անօրինական հատելու ցանկացած փորձ ճնշելու համար։

Քաղաքականություն