Իսրայելը վերադարձրել է բնակավայրերի մեծ մասի նկատմամբ վերահսկողությունը. Իսրայելի բանակի ներկայացուցիչ
Իսրայելի բանակը հայտարարել է, որ վերադարձրել է Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող հարավային բնակավայրերի մեծ մասի նկատմամբ վերահսկողությունը, հայտնում է Haaretz–ը:
«Իսրայելցի զինվորականների ներկայացուցիչը հայտարարել է, որ բանակը վերականգնել է վերահսկողությունը Գազայի հետ սահմանին գտնվող բնակավայրերի մեծ մասի նկատմամբ, որտեղ ներխուժել էին ՀԱՄԱՍ–ի և «Իսլամական ջիհադի» զինյալները», - նշվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վերահսկողության տակ վերադարձված բնակավայրերի թվում են Սդերոտը, Սոֆան, Նիրիմը, Նիր Օզը և շուրջ 10 այլ բնակավայրեր:
Հիշեցնենք` այսօր առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ են ներխուժել Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։