ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միջադեպ՝ Ղրիմի կամրջի վրա․ երթևեկությունը կանգնել է, զոհվել են ամուսիններ, հոսպիտալացվել է երեխա․ աղբյուրներ

Ռուսական հայտնի թելեգրամյան ալիքները, վկայակոչելով իրենց աղբյուրները, գրում են, որ Ղրիմի կամրջի վրա ավտոմեքենայի մեջ մահացել է Բելգորոդի շրջանի ամուսնական զույգ։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ 

Ըստ SHOT-ի և BAZA-ի՝ զոհվածները 40 և 36 տարեկան ամուսիններ են։ Նրանց 14-ամյա դուստրը ողջ է մնացել, սակայն ծանր վիրավորվել է և հոսպիտալացվել։ 

Նախկինում սոցցանցերի տարբեր օգտատերեր տեսանյութեր էին հրապարակել կամրջի վրա վթարի ենթարկված մեքենայի մասին, որի ներսում մարմիններ են եղել, իսկ աղջիկը կիսով չափ դուրս եկած է եղել ավտոմեքենայի լուսամուտից: Ըստ մեքենայի պետհամարանիշների՝ ընտանիքը եղել է Բելգորոդի շրջանից։

Նշվում է, որ այնուամենայնիվ պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել։ Պատկան մարմինները տեղեկացնում են արտակարգ պատահարի մասին։  Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է, որ իրավապահներն ու բոլոր պատասխանատու ծառայությունները աշխատում են․

«Ես խոսել եմ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Գենադիևիչ Սավելևի հետ, միջոցներ են ձեռնարկվում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,- ասել է Ակսյոնովը։ Երթևեկությունը նախատեսվում է վերականգնել առավոտյան ժամը 9-ին։