Հայտնի է՝ որքան է Հայաստանում կյանքի միջին տևողության ցուցանիշը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ 2024-ի տվյալներով Հայաստանում կյանքի միջին տևողությունը կազմել է 78,6 տարի՝ արձանագրելով ամենաբարձր ցուցանիշը։
Ասուլիսի ընթացքում Անահիտ Ավանեսյանը նշել է, որ առողջապահական համակարգի արդյունավետությունը գնահատելու համար կան մի շարք կարևոր ցուցանիշներ, որոնցից առաջնայինը կյանքի միջին տևողությունն է։
Նրա խոսքով՝ կյանքի միջին տևողության տվյալները սովորաբար ամփոփվում են տարվա կեսին, ուստի 2025 թվականի ցուցանիշները դեռևս հասանելի չեն։ 2024 թվականի արդյունքներով, սակայն, Հայաստանում կյանքի միջին տևողությունն աճել է։
«Հայաստանում կյանքի միջին տևողությունը դարձել է 78,6 տարեկան, որն արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է, և սա է մեր կարևորագույն ձեռքբերումը»,- հավելել է նախարարը։
Նա անդրադարձավ նաև մայրական մահացության ցուցանիշին՝ նշելով, որ այն ցույց է տալիս առողջապահական մեխանիզմների արդյունավետությունը։
«Այս առումով 2025 թվականն առանձնակի տարի է, որովհետև այս մասով մենք ունեցել ենք 1 դեպք, կորուստ, և սա էլ չլսված ցուցանիշ է, և մենք պիտի մեր ջանքերը շարունակենք կենտրոնացնել՝ ապահովելու այս դրական իրավիճակի պահպանումը»,- ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան։





























