Ձեր խմբակցության ղեկավարի նման տուն չունեն և ինձ թվում է՝ երբեք էլ չեն ունենա. Եղոյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

Քննարկում ենք շատ կարևոր օրենքի նախագիծ, որը մեկ այլ՝ շատ կարևոր նախագծի լրացում է, որի շնորհիվ մենք պարոն Պապիկյանի (ՀՀ պաշտպանության նախարար - խմբ.) հետ այս դեկտեմբերին էինք դիրքերում, հանդիպեցինք ու զրուցեցինք բազմաթիվ զինվորականների հետ, ու պիտի ասեմ՝ անկեղծորեն տպավորված էի: Այդ մասին Ազգային ժողովի՝ նիստում ասել է  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:


Անդրադառնալով ընդդիմության այն պնդումներին, թե նախագիծը զինծառայողների շրջանում անհավասարություն է ստեղծում, Եղոյանը նշել է, որ այսօր ատեստավորման արդյունքում միջին գնահատական ստացած պայմանագրային զինծառայողը ստանում է հարկված 620 հազար դրամ աշխատավարձ։


«Ես ուզում եմ ասել, որ դա ավելի շատ է, քան պատգամավորի աշխատավարձը»,- հավելել է նա։


Եղոյանը նաև արձագանքել է տեղից ելույթ ունեցող «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ հայտարարելով. «Պարոն Մինասյան, հատկապես մեր խմբակցության պատգամավորները ձեր խմբակցության ղեկավարի նման տուն չունեն և ինձ թվում է՝ երբեք էլ չեն ունենա»։


Մինասյանի հարցին, թե դա ինչ կապ ունի, պատգամավորը պատասխանել է.


«Շատ մեծ։ Փոխարենը՝ երեկ և առաջին օրը ձեր բազմաթիվ հորդորներից հետո պաշտպանության նախարարը դրեց մեր պետության դղյակների՝ պաշտպանական ամրությունների տեսանկարահանումները: Էն, որ ասում էիք՝ այդ պետական պարտքը որտեղից է աճել, Սեյրան Օհանյանի ապօրինի գույքի բռնագանձումը դեռ տեղի չի ունեցել, որ այդ փողով արվեր, դրա համար, կներեք, դեռ պետական պարտքով ենք արել էդ բոլոր՝ մեր պետական, մեր բոլորի՝ զինվորականների, հայրենիքի պաշտպանների դղյակների կառուցումը»,- հայտարարել է Եղոյանը՝ դիմելով ընդդիմադիր գործընկերներին։


Հիշեցնենք, որ խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկում է Կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Քաղաքականություն