Երեխան արթնացել է ու սկսել են փնտրել մորը՝ ոտքով հասնելով Մարտակերտ․ մանրամասներ երեխաների մահվան դեպքից

Արցախի Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղում 2 անչափահաս երեխաներին մայրը տանն էր թողել, ոտքով մեկնել Մարտակերտ, նրանց համար սնունդ բերելու համար: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Մարտակերտի վարչական ղեկավար Արսեն Ավանեսյանը:

 

«Գյուղը մոտ է գտնվում Մարտակերտին, մայրը ոտքով եկել է քաղաք, որ երեխաներին սնունդ տանի, տանը թողել է 3 տարեկան քնած փոքրիկին ու 6 տարեկան աղջկան, բայց այդ ընթացքում երեխան արթնացել է ու սկսել են փնտրել մորը՝ ոտքով հասնելով Մարտակերտ, մութը վրա է տվել, ու այդպես դեպքը տեղի է ունեցել»,- ասել է նա՝ նշելով, որ բնակիչները ոտքով են գնում-գալիս շրջափակման հետեւանքով վառելիք չլինելու պատճառով:

 

Ավանեսյանը հայտնել է, որ կինը ևս մեկ աղջիկ երեխա ունի: 

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ հուլիսի 8-ին առավոտյան ժամը 07:30-ին, Մարտակերտ քաղաքի բնակիչ Ա.Գ.-ից ահազանգ է ստացվել, որ Գ.Նժդեհ փողոցում իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ մահացած 2 երեխա է հայտնաբերել: Կանչի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Գ.-ն ժամը 07:25-ի սահմաններում, ստուգելու նպատակով բացել է նույն փողոցում կայանված իրեն պատկանող նշված ավտոմեքենայի դուռը, որտեղ հայտնաբերել է հուլիսի 7-ից անհայտ կորած երեխաների դիերը:


Կատարված քննության շրջանակներում, ստուգվել են բոլոր տեսախցիկները, որոնք ֆիքսել են, որ անչափահաս երեխաները ինքնուրույն մտել են Մարտակերտ քաղաք, այնուհետև բացել նշված մեքենայի հետևի դուռը, քնել նստարանին։ Նախնական տվյալներով մահվան պատճառ է հանդիսացել մեքենայում բարձր ջերմաստիճանը։


Նշենք, որ դեպքի առթիվ ԱՀ քննչականում քրեական գործ է հարուցվել: