Ինչ է տեղի ունեցել Երևան-Մեղրի ճանապարհի գազալցակայանում․ մանրամասներ՝ պայթյունից

Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում գործող ավտոգազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած:
 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում գազալցակայանի տարածքում՝ հողի մեջ տեղադրված 3 ցիստեռները հեղուկ գազով լիցքավորելու ժամանակ պայթյուն է առաջացել և փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով գազալցակայանի աշխատակիցը մարնական վնասվածքներ է ստացել և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն  է ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն»:

 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վիրավորի և գազալցակայանի սեփականատիրոջ ինքնությունը:

 

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ Մասիսի քննչական բաժնի պետի տեղակալ Արթուր Բաբայանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արտակ Բադալյանի և Ռոման Սմոյանի գլխավորությամբ, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մասիսի բաժին, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիսի քաղաքի բնակիչ 32-ամյա Անդրանիկ Մ․-ն էր։