Հայտնաբերվել է աղմկահարույց հանցագործության մեջ հետախուզվողը․ շրջանառվում են հայտնի մարդկանց անուններ

Երեկ՝ փետրվարի 16-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները իրականացրել են հատուկ օպերացիա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերացիան կրել է «Հույժ գաղտնի» անունը, և արդյունքում Կիևյան փողոցի 1-ին նրբանցքի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է Երևան քաղաքում հաշվառված 37-ամյա Գրիգորի Գրիգորյանը։  

 

Կայքի տեղեկություններով՝ վերջինս ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։   Գ. Գրիգորյանը տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ։  

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված քրգործը հարուցվել էր հունվարի 13-ին Երևանում հնչած կրակոցների փաստով:

 

Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տվյալների համաձայն՝ պարզել էին, որ նույն օրը Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցի վրա գտնվող գերեզմանատան ավտոկայանատեղիում վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ հնչել էին կրակոցներ և դրա արդյունքում վնասվել էին Mercedes մակնիշի 2 ավտոմեքենաներ, որոնք հայտնաբերվել էին Ազատության պողոտայում գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում և գլխավոր մուտքի մոտ: Դեպքի վայրում հայտնաբերվել էր 4 հատ 9 մմ տրամաչափի և 2 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ: 

 

Վիճաբանության մասնակիցներից մեկը Երևանի բնակիչ, 33-ամյա Ռուստամ Ստեփանյանն է, ով հանրությանը հայտնի է իբրև բիզնեսմեն, մյուս մասնակիցը Չերեմուշկայում հայտնի «Շինարարների Ֆազն» է: Ոստիկաններն ու քննիչները պարզում էին նաև ստացված այն ինֆորմացիան՝ ովքեր էին խորհրդավոր «Շիշ բռնողն» ու Սարյանի պոչտայի հեռախոսների գործով զբաղվող «Լոլոն», որոնց մասին էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվում, որ նրանք կապ ունեն նշված հանցագործության հետ: 

 

Կայքի տեղեկություններով՝ Mercedes G500 մակնիշի A 777 AA 777 RUS համարանիշները կեղծ էին, իսկ նշված ավտոմեքենան պատկանում էր Ռ. Ստեփանյանին, ով ժամանակին ինչ-որ հանցագործության համար գտնվում էր հետախուզման մեջ և նրան հայտնաբերել ու վնասազերծել էին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ժողովրդին հայտնի 6-րդ գլխավոր վարչության ծառայողները ու բերման էին ենթարկել ոստիկանություն: