
Ադրբեջանցի ոստիկանները կանգնեցրել են իրանցի վարորդներին և ասել, թե մուտք են գործել ադրբեջանական տարածք․ ՍիվիլՆեթ

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետի ծառայողները իրանական բեռնատարների վարորդներից պահանջում են կանխիկ 130 դոլար վճարել՝ իրենց տարածքով անցնելու համար։ Այս մասին Սյունիքից հայտնում է ՍիվիլՆեթի թղթակից Գևորգ Թոսունյանը, որը զրուցել է իրանցի վարորդների հետ։
«Իրանցի վարորդները մեզ հայտնեցին, որ ադրբեջանցի ոստիկանները կանգնեցրել են իրենց և տեղեկացրել, որ իրենք մուտք են գործել ադրբեջանական տարածք։ Ադրբեջանցիները յուրաքանչյուր վարորդից պահանջել են 130 դոլար վճարել։ Այն բանից հետո, երբ վարորդներն ասել են, որ գումար չունեն, ադրբեջանցի ոստիկանները վերցրել վարորդների անձնագրի ու մեքենայի տվյալները և ասել՝ վերադառնալիս պետք է արդեն վճարված լինեն գումարները»,- պատմում է ՍիվիլՆեթի թղթակիցը։
Գևորգ Թոսունյանը հայտնեց, որ Կարմրաքարի, ինչպես նաև Որոտանի մոտ ադրբեջանցիները տեղադրել են եռալեզու մեծ ցուցանակ՝ «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք» գրությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում