
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Գեղի գյուղի սկզբնամասում բախվել են Mercedes G63-ն ու Mercedes C180-ը. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի Նոր Գեղի վարչական տարածքում բախվել են Mercedes G63 և Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: