«Բանդիվան կաթ»-ը ստուգումից և խախտումների արձանագրումից հետո շարունակում է աշխատե՞լ. ArmDaily.am

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) և մսամթերքի արտադրամասերում, սպանդանոցում, անասնապահական և խոզաբուծական ֆերմաներում, իրացման կետում։  Ստուգման արդյունքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել, ինչի արդյունքում կաթնամթերքի և մսամթերքի արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված թերությունները վերացնելու համար:

 

ArmDaily.am-ը կապ հաստատեց արտադրամասի հետ՝ պարզելու, թե ինչ վիճակ է ՍԱՏՄ-ի ստուգումներից հետո։ Մեզ հետ զրույցում ընկերության օպերատորներից մեկը հայտնեց, որ արտադրամասում խնդիր չկա, և ամեն ինչ նորմալ աշխատում է։

«Մեր աշխատանքը կասեցված չէ»,- հայտնեցին «Բանդիվան Կաթ»-ից։

Հարցին՝ տեսչական մարմնի աշխատակիցները, առհասարակ, այցելել են իրենց, մեր զանգին պատասխանած օպերատորը հայտնեց, որ տեղյակ չէ։

Մենք փորձեցինք տնօրենի հետ էլ կապ հաստատել, բայց օպերատորը հրաժարվեց կոնտակտ տրամադրել՝ պատճառաբանելով, որ կոմպետենտ չի համարում հեռախոսահամար տալ։

 

ՍԱՏՄ Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների
բաժնի պետ Անուշ Հարությունյան էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ արտադրամասերի կասեցման հրամանը երեկ է եղել և ընկերությունն էլ պատշաճ իրազեկվել է։ 

 

«Եթե իրենք շարունակում են աշխատել, ապա ուրիշ միջոցներ կձեռնարկվեն։ Ստուգումները կատարվում են մեր ստուգումների հաստատված ծրգարի հիման վրա, որը հաստատում է Տեսչական մարմնի խորհուրդը։ Ըստ այդ ծրագրի՝ մենք անցկացնում ենք մեր ստուգումները։ Բանդիվանի ստուգումները նախատեսված են եղել 3-րդ եռամսյակի մեջ։ Ստուգումները սկսվել են մեկ շաբաթ առաջ, արդյունքում հայտնաբերվել են խախտումները։ Մենք զեկուցագրերի և ուսումնասիրությունների արդյունքում երեկ կասեցման հրամանը եղել է արդեն»,- ասաց Հարությունյանը։

Նշենք, որ ՍԱՏՄ հաղորդագրության համաձայն՝ ստուգման ընթացքում պարզվել է, որ կաթնամթերքի արտադրամասի սարքավորումները ժանգոտված են, պանրի աղաջրերի համար նախատեսված ավազանները, սրահի պատերը, հատակը պատված են բորբոսով, մսամթերքի արտադրամաում տեխնոլոգիական գործընթացը չի կազմակերպվում այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, չկան լվացարաններ և սանհանգույց: