Range Rover-ով մխրճվել էր քաղաքացու ավտոտնակի մեջ, երիտասարդը 1 տարով կզրկվի ավտոմեքենա վարելուց

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար նշանակված ավագ հետաքննիչ  Արամազդ Հարությունյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է  հուլիսի 28-ին Երևանի բնակիչ,  23-ամյա Մանվել Միքայելյանի կողմից ոչ սթափ վիճակում Range Rover մակնիշի ավտոմեքենայով Մոլդովական փողոցի 32/1շենքի թիվ 0400 ավտոտնակ մխրճված և այնտեղ կայանված  Opel մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, պարզվել է՝ Opel-ը պատկանում է նույն փողոցի բնակիչ, 40 –ամյա Հարություն Եղիյանին: Կայքի տեղեկություններով՝ Մ. Միքայելյանը եղել է խմածության այն աստիճանի, որ նա 1 տարի զրկվելու է ավտոմեքենա վարելու իրավունքից: Վերջինս հիվանդանոցում բժշկական օգնություն ստանալուց և գլխին վիրակապ դնելուց հետո հրաժարվել է մնալ հիվանդանոցում ու եկել է վթարի վայր, սակայն չէր համարձակվում մոտենալ   ու տեսնել, թե ինչպես են փրկարարները,  ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները իր «եփած  աջափսանդալի» հետքերը վերացնում: 

 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 18-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում Երևանի բնակիչ,  23-ամյա Մանվել Միքայելյանը Range Rover մակնիշի RE 777 NG վրացական համարանիշներով ավտոմեքենայով Նոր Նորք վարչական շրջանում՝ Մոլդովական և Նելսոն Ստեփանյան փողոցների (ժողովրդին հայտնի հարկայինի)  խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել էր բնակչին պատկանող երկաթե ավտոտնակի մեջ: Վթարի հետևանքով  1 հոգի տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվ էր գործել Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները: Նշված գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հետաքննական խումբը՝ ավագ հետաքննիչ  Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ.  Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է ոչ սթափ (խմած):  Ֆոտոլրագրողը  հայտնում էր, որ ավտոտնակի մեջ կայանված է եղել Opel մակնիշի ավտոմեքենա, որին և ավտոտնակին նյութական վնաս էր պատճառվել: